Հրայր Թովմասյանը հրաժարվում է հանդիպել Անդրիաս Ղուկասյանի հետ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հրաժարվել է հանդիպել Ազգային ժողովի առջև նստացույց անող՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի հետ, քանի որ նա զբաղված է: Այս մասին 168.am-ի և aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ա. Ղուկասյանն ԱԺ շենքի դիմաց նստացույց է սկսել, որպեսզի ԱԺ նախագահն արձագանքի իր պահանջներին: Պահանջները հետևյալն են՝ քննարկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը, կառավարության կատարած ծախսերը, և հրապարակել 2012-13 թվականներին հանրապետությունից բացակայած անձանց անունները:
Ա. Ղուկասյանը տեղեկացրեց, որ իր հետ հանդիպման է եկել ԱԺ քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ Հակոբ Հարությունյանը, ու առաջարկել իր պահանջ-դիմումը գրավոր ձևով հանձնել, քանի որ Հ. Թովմասյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, ու ինքը չի կարողանում նրան տեղեկացնել Ա. Ղուկասյանի խնդրանքի մասին: Ա. Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը սպասելու է մինչև օրվա վերջ ու դրանից հետո համարելու է, որ Հ. Թովմասյանը մերժել է հանդիպել իրենց հետ:
Քիչ առաջ Հ. Հարությունյանը կրկին եկավ Ա Ղուկասյանի հետ հանդիպման ու տեղեկացրեց, որ իրեն հաջողվել է կապ հաստատել Հ. Թովմասյանի հետ, և վերջինս առաջարկել է Ա. Ղուկասյանին՝ հանդիպել ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հետ: Ա. Ղուկասյանը, սակայն, մերժեց այդ առաջարկը՝ ասելով, որ ինքն անձամբ Հ. Թովմասյանի հետ է ուզում հանդիպել: