«Վրաստանում ներքին զարգացումների ակտիվացումը պայմանավորված է նախընտրական շրջանով ու կշարունակվի մինչև ընտրությունները». վրացագետ
Վրաստանի ներքին քաղաքական կյանքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Օրերս Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի վարչապետին ու խորհրդարանի նախագահին հանդիպման էր հրավիրել, սակայն վերջիններս հրաժարվել էին հանդիպումից: Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին էլ պատմել է Վրաստանի նախագահի հետ լարված հարաբերությունների մասին՝ նշելով, որ մինչ նախագահ ընտրվելը Մարգվելաշվիլին այլ մարդ էր, մտածում էր ժողովրդի ու ծախսերի մասին, սակայն հետո ամբողջությամբ փոխվել է:
Վրաստանի ներքաղաքական այս խառը վիճակի մասին 168.am-ը զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ այս իրավիճակն արդեն տևական ժամանակ կա, իսկ սրացումները պայմանավորված են հիմնականում առաջիկա խորհրդարանական ընտրություններով.
«Ինչպես Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, և նախկինում ևս հայտնի էր, Մարգելաշվիլիի ու իր հակասությունները հիմնականում պայմանավորված են երկու հանգամանքով: Առաջինը, իհարկե, վերաբերում է նախագահական նստավայրին Հավլաբարում, որտեղ նախկինում Սահակաշվիլին էր իր աշխատանքային օրն անցկացնում: Մինչ ընտրությունները՝ քարոզարշավի ընթացքում, Մարգվելաշվիլին բազմիցս հայտարարել է, որ այդ նստավայրը չի օգտագործելու, այլ բոլորովին այլ տեղ էր առաջարկում նստավայրը տեղափոխել, եթե ինքը նախագահ դառնա: Նախագահ դառնալուց որոշ ժամանակ անց, երբ հայտարարեց, որ ամեն դեպքում ցանկանում է հենց տվյալ նախագահական նստավայրում իր գործունեությունը ծավալել, մեծ քննադատության ալիք բարձրացավ հատկապես՝ իշխանության թևի ներկայացուցիչների շրջանում: Մասնավորապես, հենց Իվանիշվիլիի կողմից քննադատություններ հնչեցին, քանի որ մինչ այդ նա կրթության և գիտության նախարար էր ու հայտարարում էր, որ այդ շենքը նվիրատվությամբ հանձնվելու է Կրթության և գիտության նախարարությանը կամ սպասարկելու է կրթության և գիտության ոլորտը: Եվ բնական է, որ այդ քննադատությունները պետք է լինեին:
Մյուս խնդիրը պայմանավորված է նախագահի խորհրդականի նշանակումով: Երբ Մարգվելաշվիլին նշանակվեց նախագահ, իր խորհրդական նշանակեց նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկի եղբորը, ինչը քննադատության արժանացավ իշխանական թևի կողմից, նաև Իվանիշվիլիի, որը ազդեցիկ է իր թիմում, ու բնական է, որ նրա արտահայտած կարծիքը նաև պետք է ազդի մյուսների վրա:
Իվանիշվիլիի հայտարարությունը հենց դրա մասին է, որ մարդը մինչ նախագահ դառնալը այլ բան է ասել, իսկ նախագահ դառնալուց հետո՝ այլ բան արել»:
Մեր զրուցակիցը պարզաբանեց՝ այս ամենի շրջանակներում է, որ հիմա սրված է վիճակը նախագահի և գործող վարչապետի միջև. «Նյու Յորքում, ՄԱԿ-ի 70-ամյա հոբելյանական գագաթաժողովի ժամանակ, նախագահ Մարգվելաշվիլին բավականին քննադատական հայտարարություններ հնչեցրեց՝ Վրաստանի իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի հասցեին, որ իրեն արհամարհել են, համապատասխան ուշադրության չեն արժանացրել այնտեղ այն դեպքում, երբ ինքը երկրի նախագահ է:
Այսինքն՝ այս պրոցեսը նոր չի սկսվել, այն արդեն տարիների պատմություն ունի, և բնական է, որ գնալով ավելի է խորանալու, քանի որ արդեն հենց գործող նախագահի ու վարչապետի միջև է այս հակասությունը: Իրենք նույնիսկ միմյանց չեն բարևում տարբեր միջոցառումներին ժամանակ: Իշխանական թևում Մարգվելաշվիլին համարվում է, կոպիտ ասած՝ ոչ իրենց մարդը: Իվանիշվիլիի վերջին հայտարարությունները հենց դա են փաստում, իսկ հակառակ դրան՝ նա գովաբանում է գործող վարչապետին»:
Մեր հարցին, թե հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններն ինչպիսի՞ արդյունքներ կարող են ունենալ, վրացագետը պատասխանեց. «Դժվար է այսօր հստակ ասել, թե ով կարող է մեծամասնություն ստանալ ու դառնալ վարչապետ: Թեև մի քանի դրվագ եղել է, թե Ղարիբաշվիլին հրաժարական կտա, կամ նրան պաշտոնանկ կանեն, այդուհանդերձ, համոզվեցինք, որ նա ամուր կանգնած է իր դիրքում ու համակրանք է վայելում երկրում ու Իվանիշվիլիի կողմից, որը բավականին ազդեցիկ է, հետևաբար՝ Ղարիբաշվիլին նորից մեծ հավակնություն ու հնարավորություն ունի վարչապետ դառնալու: Մյուս թեկնածուների մասով չեմ կարող որևէ բան ասել, այդուհանդերձ, ներքին զարգացումների նման ակտիվացումը պայմանավորված է նախընտրական շրջանով ու կշարունակվի մինչև ընտրությունները»:
Ինչպե՞ս կանդրադառնա այս ամենը հայ-վրացական հարաբերությունների վրա. վերջին օրերին Վերին Լարսի անցակետերում առաջացած խնդիրները կարո՞ղ են կապված լինել Վրաստանի ներքին զարգացումների հետ (ի դեպ, վերջին խցանման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել ու նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել):
«Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, պաշտոնական հարթակում, վերջին տարիներին բավականին փոխվել է, ինչը պայմանավորված է հարևանների հետ բալանսավորման քաղաքականություն վարելու նրանց գործելաոճով: Դա ապացուցվել է, մասնավորապես, երկու երկրների վարչապետների միջև մի քանի անգամ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Հայաստանի վարչապետը նույնիսկ այցելել էր Դարիալի կիրճ, և վրացական կողմը բավական ընդառաջ էր գնացել, այսինքն՝ մոտեցումը դրական է: Իսկ կոնկրետ անձանց բողոքները, բնական է, որ կլինեն, մանավանդ՝ հիմա արտահանման սեզոն է, ու անցակետերում խցանումները բնական երևույթ են: Արհեստական խոչընդոտներ դժվար թե ստեղծված լինեն»,- ասաց նա: