Վրաստանի վարչապետը հրաժարվել է հանդիպել երկրի նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր չէ ընդունել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ իր հետ հանդիպելու առաջարկությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք մտադիր է հանդիպել երկրի նախագահի հետ, Ղարիբաշվիլին պատասխանել է, որ նախագահը հանդիպում է «իր մարդկանց հետ»:
Մինչ օրս հայտնի չէ երկրի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի պատասխանը Մարգվելաշվիլիի առաջարկությանը:
Հիշեցնենք, որ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր առաջարկել էր խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիին ու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել իր հետ:
«Ինչպես երևում է, մեծամասնությունը չի եկել միասնական կարծիքի հանդիպման արդյունքների առնչությամբ, այդ պատճառով էլ կոչ եմ անում խորհրդարանի նախագահին ու վարչապետին հանդիպել ինձ հետ ընդունելի ձևաչափով՝ խոսելու երկրի համար կարևոր հարցերի մասին»,- հայտարարել էր Վրաստանի նախագահը: