Ինչո՞ւ է արգելվել կաթի փոշու ներկրումը Հայաստան

Այս տարվա հուլիս ամսից Հայաստան կաթի փոշի չի ներմուծվում: 168.am-ի տեղեկություններով` կաթի փոշու ներմուծումը ներքին կարգով արգելվել է` գարնանը և ամռան սկզբին բարձրացած մեծ աղմուկից հետո, երբ հանրապետություն բավականին մեծ ծավալով էժան կաթի փոշի էր ներմուծվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի «բարձր հովանու ներքո»: Ըստ որոշ տեղեկությունների` այս տարի 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել, քան անցած տարի։ Եվ նույն «բարձր» հովանավորությամբ կաթնամթերք արտադրող ընկերություններին ուղղորդել էին գնել այդ կաթի փոշին:

Դրա հետևանքով Հայաստանի որոշ մարզերում կաթի մթերման գները ոչ միայն նվազել էին, այլև կաթնամթերք արտադրող ընկերություններ կային, որոնք ընդհանրապես մթերումից հրաժարվել էին ու գյուղացիներից կաթ չէին գնում։ Եվ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կաթի մթերման գինը 170 դրամից իջել էր մինչև 100-110 դրամ, նույնիսկ՝ 80-90 դրամ:

Ըստ հրապարակումների` կաթի փոշի ներմուծում է 10 ընկերություն: Դրանք են՝ «Արահետ Դևելոպմենտ», «Արամ-Գ», «Առևտրի տուն Բելար», «Գրանդ Քենդի», «Էլիտ Շանթ», «Իգիթ», «Լիա-Կ Գրուպ», «Պարգև», «Պրոդինվեստ ՏՊԿ» և «Մեգաֆուդ»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ տևական ժամանակ է՝ կաթի փոշի չի ներկրվում Հայաստան: Ըստ նրա` նախքան այդ, Ուկրաինայից ներմուծվել է ոչ այնքան որակյալ կաթի փոշի, որը որակի և պահպանման ժամկետների հատկանիշների առումով շատ զիջում էր: Սակայն Ա.Ավետիսյանը կաթի փոշու ներմուծման դադարեցումը պայմանավորեց Սննդի անվտանգության ծառայության կողմից պարտականությունների կատարմամբ. «Փորձանմուշներ են վերցվել և ստուգվել են որակական հատկանիշները, այսինքն` այն, ինչ ներկայացնում էին փաստաթղթերով, իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Ու պարզվել է, որ՝ ո՛չ, չի համապատասխանում, և դրա հիման վրա Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր գործառույթն է իրականացրել»:

Պատգամավորի կարծիքով` կաթի փոշու ներկրման դադարեցումը չի ազդի մեր երկրում կաթնամթերքի արտադրության վրա, և սղություն չենք ունենա, քանի որ ՀՀ-ում կաթի և կաթնամթերքի ինքնաբավության մակարդակը 85-90% է. «Տարվա սկզբից կաթի փոշու որոշ քանակներ արդեն իսկ բերվել են, հաշվի առնելով նաև մեր ներքին արտադրածը՝ կարծում եմ՝ կաթի պակասության խնդիր չենք ունենա, որովհետև կաթնամթերքի գները միայն մեկ պետության կտրվածքով չպետք է դիտարկել, անգամ ԵՏՄ տարածքում կա գների մի որոշակի նիշ, որից բարձր կամ ցածր լինելու դեպքում ներմուծում կիրականացվի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս