Առայժմ քաղաքական գործիչների մեծ մասի ասելիքը մնում է, պայմանականորեն ասած, Արշակ Սադոյանի ոճի մեջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր ծմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. «Համացանցում հայտնվել են քարոզչական տեսահոլովակներ, որոնք կոչ են անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Հոլովակներն ինձ դուր են եկել՝ կա ստեղծագործական մոտեցում, հումոր, թեթեւություն: Իհարկե, եթե շատ խիստ լինենք, կարելի է որոշակի նկատառումներ հայտնել «դերասանական խաղի» եւ «ռեժիսորական լուծումների» վերաբերյալ, բայց այդ հոլովակները, միեւնույն է, շահեկանորեն տարբերվում են քաղաքական քարոզչության ավանդական ձեւերից: Եվ դա, բացի ամեն ինչից, վկայությունն է այն բանի, որ 10 տարվա ընթացքում թե՛ աշխարհը, թե՛ մեր երկիրը շատ են փոխվել: Հիշո՞ւմ եք, 2008 թվականին ընդդիմադիր քարոզչությունը տարածվում էր DVD-ների միջոցով՝ դա շատ ավելի ծախսատար էր եւ տասնյակ անգամներ ավելի անարդյունավետ, քան այն, ինչ արվում է համացանցով: Այսօր գաղափարներ տարածելու առումով բազմաթիվ խոչընդոտներ վերացել են, եւ այլեւս ոչ մի «Ամալյանի հանձնաժողով» չի կարող դրան լրջորեն խանգարել:

Մնում է արդիական դառնա ասելիքի կոնտենտը, բովանդակությունը: Առայժմ քաղաքական գործիչների մեծ մասի ասելիքը մնում է, պայմանականորեն ասած, Արշակ Սադոյանի ոճի մեջ: Ընտրվում է ինչ-որ մի կարծրացած սխեմա, որը կրկնվում է տասնյակ եւ հարյուրավոր անգամներ: Արշակ Սադոյանն, օրինակ, 90-ականներին ուներ իր սիրած «կլիշեները». մասնավորապես, նա իշխանություններին անվանում էր «թուրքից էլ վատը»: Բողոքական զանգվածներին դա շատ էր դուր գալիս, եւ երբ պարոն Սադոյանը հայտնվում էր հասարակական վայրում, բազմաթիվ մարդիկ ձեռքերը մեկնում էին նրա ուղղությամբ՝ նման «խիզախ» եւ «ճշտախոս» մարդուն հպվելու նպատակով: «Լափած մազութը» նույնպես «գտնված» բանաձեւ էր, բայց այն 100 տոկոսով չաշխատեց, որովհետեւ ուղղված էր նախորդ իշխանության դեմ, իսկ վերոհիշյալ զանգվածի ատելության թիրախը հիմնականում տվյալ պահի իշխանությունն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս