Պերմյակովը նշել է, թե երեխա ունի Նիկիտա անունով. «Երեխայի նկար է ունեցել, որը պարբերաբար ցույց է տվել, ասել, որ՝ սա իմ երեխան է». մանրամասնում է փաստաբանը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտից հայտնաբերվել են սև գլխարկ, սև բաճկոն, սպորային անդրավարտիք, կոշիկներ, ինչպես նաև երեք բջջային հեռախոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը փորձաքննություններ է իրականացրել և դրանցից հայտնաբերել Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ները: «Հայկական կողմը նույնպես փորձաքննություն է իրականացրել: Շատ կարևոր հանգամանք կա՝ ռուսական կողմի առանձնացված ԴՆԹ-ները և հայկական կողմի կողմից զինվորական հագուստների վրայից հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ները համեմատության են ենթարկել, և դրանք 99,99 տոկոսով համընկնում են: Սա նույնպես շատ կարևոր հանգամանք է՝ հիմնավորելու, որ նա եղել է դեպքի վայրում, այդ հագուստները նրանն են»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ հայտնաբերված հագուստներն ու բջջային հեռախոսները ճանաչման են ներկայացվել տուժողների իրավահաջորդներին, ովքեր ճանաչել են հագուստները:

«Արդեն իսկ հաստատված փաստ է, որ հագուստները և հեռախոսները պատկանել են Ավետիսյաններին»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նրա կարծիքով՝ մոտ ժամանակներս մեղադրանքի ծավալը պետք է փոփոխության ենթարկվի. «Երբ տանից հափշտակվում է նման գույք՝ հեռախոսներ, հագուստ և այլն, և դա կատարվել է նպատակային, արդեն բռնության գործադրմամբ, առնվազն վկայում են ավազակային հարձակման հատկանիշների և ոչ թե՝ գողության մասին»: Նրա խոսքով՝ փոփոխություն պետք է լինի՝ նաև սահմանը հատելու փորձի հետ կապված:

Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ շատ հետաքրքրական է այն, թե Վալերի Պերմյակովը նախկինում ինչպիսի վարք է ունեցել. «Եվ հետաքրքրական է, որ նա շատ ճնշված է եղել, և կան ցուցմունքներ այն մասին, որ այնտեղ տղաները նրան պարբերաբար ծեծի են ենթարկել, նրանից գումար են պահանջել, ինքն անընդհատ տնից գումար է բերել, տվել նրանց: Նաև նշվում է, որ այն քաղաքը, որտեղ նրանք բնակվում են, աչքի է ընկնում իր բարձր հանցավորությամբ: Ընդ որում, երիտասարդների մոտ տարածված է, որ այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարում, այսպես ասած՝ լավ տղաներ են՝ «կրուտոյ», ինչպես նշվում է: Շատ հետաքրքրական էր, որ մենք փորձաքննության ժամանակ նկատեցինք, որ Պերմյակովի ուսին որոշակի դաջվածք կա, և հարցրինք՝ ի՞նչ է սա նշանակում, ինքն ասաց, որ սա նշանակում է՝ մարտիկ:

Եվ նրա վարքից երևում էր, որ նա կայացման լուրջ խնդիր ունի և նա նաև իր հանցավորության դրսևորմամբ ցանկանում է ցույց տալ, որ ինքն էլ կարող է «կրուտոյ» լինել»:

Խոսելով Վալերի Պերմյակովի մասին՝ Լուսինե Սահակյանն ասաց, թե ակնհայտ էր, որ վերջինս փորձ էր անում իրեն ցույց տալ՝ որպես կայացած անձ: «Իրականում շատ հուզիչ էր, երբ հոգեբանները նրանց առաջարկեցին տուն նկարել: Նա տունը նկարեց, պատուհանը նկարեց, հետո պատուհանի մեջ ինչ-որ բան էր ուզում նկարել (ասել էին՝ նկարիր տուն, մարդ, ծառ), ասացին՝ մարդուն պատուհանի մեջ մի նկարիր, ասաց՝ չէ, մարդ չեմ նկարում: Հարցրին՝ ի՞նչ ես նկարում: Ծաղիկ նկարեց: Ասացին՝ բայց ինչո՞ւ ես ծաղիկ նկարում, ասաց՝ թող այսպես գեղեցիկ լինի: Ու երբ իրեն ասում էին, թե ինչ լավ բան կնկարագրի, ինքն ընտանիք էր նկարագրում, երեխաներ էր նկարում: Այսինքն՝ իրականում իր մեջ բավականին նուրբ հոգի էր նստած, բայց, իմ կարծիքով՝ արդեն որպես մարդու (ես բժշկական գիտելիքներ չունեմ), ակնհայտ էր, որ միջավայրում, որտեղ ինքը մեծացել էր և մշտապես ճնշված էր եղել հենց այդ իր նուրբ հոգու համար, փորձել էր դա վերափոխել և կայանալ:

Ըստ իրեն՝ կայացումը հանցագործության կատարումն էր, ագրեսիվ լինելն է: Դրա համար իր մեջ կարծես երկու մարդ նստած լիներ: Նույն հարցադրումների ժամանակ նա շատ հանգիստ պատմում էր հանցագործությունից ու ժպտում և զայրույթ առաջացնում: Դրա հետ մեկտեղ՝ մի փոքր ավելի ուշ ինքը սկսում էր զարմանալ ու ասում էր՝ ես ընդամենը մի բան եմ ուզում, որ մարդիկ ինձ հասկանան ու ներեն, ես հասկանում եմ, որ իմ կյանքին այլևս վերջ է դրված, բայց ես ուզում եմ, որ մարդիկ ինձ ներեն, որովհետև ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս եմ ես դա արել»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ համածառայակիցների ցուցմունքներից երևում է, որ Վալերի Պերմյակովը նշել է, թե ինքը երեխա ունի՝ Նիկիտա անունով. «Երեխայի նկար է ունեցել, որը պարբերաբար ցույց է տվել, ասել, որ՝ սա իմ երեխան է, բայց իրականում նա երեխա չունի»:

Հարցին՝ արդյոք այս ամենը որևէ կերպ թույլ տալի՞ս է մտածել, որ հնարավոր է՝ ուղղորդում լինի դրսից, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Մինչ այս պահը որևէ փաստական հանգամանք քրեական գործում առկա մեզ ծանոթ չէ, որը թույլ տար նման հետևության հանգել»:

Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ, երբ ուսումնասիրում էին նախկինում կատարված փորձաքննությունների եզրակացությունները, արդեն իսկ նշմարվում է, որ հանցագործություն կատարողը Վալերի Պերմյակովն է. «Հիմա առավել ևս մեզ մոտ կասկած չկա, որ Պերմյակովն այն անձն է, ով արձակել է կրակոցներ, ով կատարել է հանցագործություն: Մինչ օրս հավաքված ոչ մի ապացույցով մենք չունենք այլ տվյալներ երկրորդ անձի գոյության մասին, նրան դրդելու մասին, և այլն: Որովհետև այն բոլոր ապացույցները, որոնց մենք փորձեցինք ծանոթանալ, որևէ ապացույցով նման տվյալ չկա:

Եթե ուսումնասիրենք նախքննական մյուս նյութերը, և այնտեղ ինչ-որ ապացույցներ լինեն, որոնք կարող են խոսել այդ մասին, հնարավոր է՝ մենք հանդես գանք նոր միջնորդություններով: Բայց մինչ այս պահը մենք այլ տվյալներ չունենք: Ամեն ինչ պտտվում է միայն Պերմյակովի շուրջ, բոլոր ապացույցներով դա հիմնավորվում է, իր ցուցմունքներն են հիմնավորում, տեսաք, որ ստի դետեկտորով էլ հիմնավորվում է, որ իր ցուցմունքները սուտ չեն, այլ ճիշտ են: Եթե նույնիսկ որոշակի հակասություններ կան իրականության հետ, այդուհանդերձ, նրա պատկերացմամբ՝ դա է ճշմարիտը»:

Հարցին, որ ըստ փաստաբանների՝ Վալերի Պերմյակովը թմրամիջոցներ է օգտագործել, արդյոք ռուսական ռազմաբազայում իմացե՞լ են դրա մասին, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, այո, որովհետև դա հենց բժշկական փաստաթղթերում է նշված, նշված է ռուսական կողմի փաստաթղթերում, որ Պերմյակովը նկարագրել է, որ ինքը 14 տարեկան հասակից զբաղվել է թմրամոլությամբ և ոգելից խմիչքներ է օգտագործել:

Այսինքն՝ այս բոլոր փաստերը, որ նա որոշակի խնդիրներ ունի, եղել են իրենց կողմում, եղել են փաստաթղթերում, և դա հիմք է ծառայել, որ բժիշկները նշեն, որ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ գործիքային որոշակի հետազոտություններ են կատարվել, որոնցից երևում է, որ նրա ուղեղում որոշակի խնդիրներ կան. «Նման պայմաններում չէր կարող իրավիճակ լինել, որ երեք ամիս հետո նա կկարողանար զենք կրել: Ակնհայտ էր, որ նրան այլևս չէին կարող զենք տալ: Չխոսեմ նրանից, թե նա արդյոք պիտանի՞ էր ծառայության, թե՞ ոչ, որովհետև կան նաև փաստաթղթեր, որ նա հատուկ ուղարկվում է ուսումնասիրության, որպեսզի պարզվի՝ արդյոք նա պիտանի՞ է ծառայության, թե՞ ոչ: Նշվում է, թե որ հատկանիշներն են հիմք ծառայել: Եվ երբ նա ծառայության ընթացքում  ընդունվում է համապատասխան բժշկական հաստատություն, օլիգոֆրենիայի կասկածանքով է ընդունվում, այսինքն՝ նա շատ լուրջ խնդիրներ ունեցող անձնավորություն է»:

Հարցին՝ արդյոք լրացուցիչ պատասխանատվության ենթակա անձինք կա՞ն, թե՞ ոչ, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ իրենք այդ հարցը բարձրացնելու են: «Վերջին հաշվով հանցագործություն է կատարվել, և պետք է դրա ծնող պատճառները, ինչպես նաև՝ մեղավորները, որոնց թերացման պատճառով եղել է այս հանցագործությունը, պատասխանատվության ենթարկվեն: Վերջին հաշվով, պետք է հասկանանք, որ, եթե անձին զենք են տալիս, որ նա ծառայության գնա, և գիտակցել են, որ նա այն անձն է, ով զենք չպիտի կրի, արդեն իսկ շատ լուրջ խնդիր է:

Եվ տարօրինակաբար, հենց այն անձինք, ովքեր պետք է պատասխանատվության ենթակա լինեին, վկայի կարգավիճակով հարցաքննվում էին դատարանում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն ինքն այս ամենի համար պետք է պատասխան տա, որովհետև միացել է Եվրոպական կոնվենցիային, որով սահմանվում է մարդու կյանքի իրավունքը, և յուրաքանչյուր պետություն պարտավորություն է կրում կյանքի իրավունքի խախտման համար. «Եվ եթե Ռուսաստանի զինվորը նման հանցագործություն է կատարում, ՌԴ-ն պարտավոր է պատասխանատվություն կրել կյանքի իրավունքի խախտման համար»:

Երեմ Սարգսյանն էլ հիշեցրեց, որ ռուսական կողմում դատավարության ընթացքում ցուցմունքներ էին հնչում, թե մանրակրկիտ ստուգման և ընտրության են ենթարկել, Վալերի Պերմյակովը եղել է լավագույն զինծառայողներից մեկը, ում բերել են ծառայության: Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ չգիտի՝ տարօրինա՞կ, թե՞ ողջունելի համարի, որ այս փաստաթղթերը չեն վերացվել:

Հարցին՝ արդյոք Վալերի Պերմյակովի խնդիրները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ մեղմանա նրա պատիժը, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ իր համար կասկածից վեր է, որ Վալերի Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման: «Անկախ նրանից՝ ինքն ինչ հուզական վիճակում է գտնվել՝ կապված իր շեղումների հետ, ինքը հաշիվ է տվել իր գործողություններին, ինքը ցանկացել է սպանություն կատարել ու կատարել է գիտակցաբար: Սա անհերքելի է»,- հավելեց Երվանդ Վարոսյանը:

Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ գործով նախաքննությունը շատ մոտ ժամանակներում կավարտվի, քանի որ իրենց պատկերացումներով՝ անելիքներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս