Ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը քննելիս ստի դետեկտոր է կիրառել. ինչ է ասել Պերմյակովը

Ռուսական կողմն Ավետիսյանների սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել, այլ կերպ ասած՝ պոլիգրաֆ կամ ստի դետեկտոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այն չի գործածվում, դրա արդյունքները որպես ապացույց չեն օգտագործվում, բայց որոշ երկրներում այն գործածվում է: Նկարագրելով փորձաքննության անցկացման կարգը՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ փորձաքննվողին հարցեր են տրվում, շնչառական, մաշկի և այլ հակաազդակներ գրանցվում են համակարգչում, համապատասխան մեթոդներով մասնագետը պարզում է, թե որ հարցին որքանով է ճիշտ պատասխանել փորձաքննվողը, տեղեկություն թաքցրե՞լ է, թե՞ ոչ:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այս դեպքում ստի դետեկտորի միջոցով պարզվել են ոչ թե այն, ինչ է իրականում տեղի ունեցել, այլ՝ ինչ է տեղի ունեցել՝ ըստ Վալերի Պերմյակովի պատկերացումների:

Պոլիգրաֆի եզրակացությամբ նշվել է, որ դեպքի վերաբերյալ էական հանգամանքների մասին հարցեր տալիս նրա մոտ ակնհայտ դրսևորված հակաազդակներ են ի հայտ գալիս. «Ըստ էության՝ նա նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Այսինքն՝ իր մոտ կան պատկերացումներ, որ ինքը մտել է այդ տուն և սպանել է այդ ընտանիքի բոլոր անդամներին»:

Կարդացեք նաև

Երեմ Սարգսյանն ասաց, որ, երբ Վալերի Պերմյակովին հարցրել են՝ արդյոք ինքը միայնա՞կ է եղել, ազդակներ են գրանցվել, որ ինքը տեղեկությունների է տիրապետում, որ միայնակ է կատարել հանցագործությունը: Հարցի վերաբերյալ՝ արդյոք Վալերի Պերմյակովը նպատակայի՞ն է գնացել հենց Ավետիսյանների տուն, թե՞ պատահական է տունն ընտրվել, պոլիգրաֆի հետազոտությամբ պարզվել է, որ մինչև այդ տուն մտնելը նա փորձել է մտնել այլ տներ ևս, փորձել է բացել դռները, սակայն չի հաջողվել, և, քանի որ Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել, մտել է նրանց տուն:

Երեմ Սարգսյանն ասաց, որ, ըստ պոլիգրաֆի՝ Վալերի Պերմյակովը հայտնել է, որ առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, ապա՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյաններին, ապա՝ Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը՝ Արաքսյա Պողոսյանին, ապա՝ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և Սերյոժա Ավետիսյանին: «Այս տեղեկությունները, ըստ էության, հաստատվում են նաև գործի մյուս տվյալներով»,- ասաց նա:

Երեմ Սարգսյանն ասաց, որ հարց է տրվել, թե ինչո՞ւ է սպանել Աիդա Ավետիսյանին: Ըստ պոլիգրաֆի՝ արժանահավատ է համարվել այն, որ Վալերի Պերմյակովը մտել է ներս, երբ լույսն ընկել է աղջկա դեմքին, նա անակնկալ արթնացել է, գոռացել, իր մոտ հանկարծակի, իրադրությունից բխող գործողություններ են եղել, ինքը կրակել է:

«Նշում է, որ, երբ մտել է երկրորդ սենյակ, Սերյոժա Ավետիսյանի ուղղությամբ կրակելիս՝ նա պառկած է եղել փորի վրա կամ կողքի վրա, չի էլ հասցրել ոտքի կանգնել կամ վեր կենալ անկողնուց: Այստեղ մենք որոշակի հակասություն ունենք քրեական գործի մյուս տվյալների հետ, մասնավորապես՝ մենք ունեինք, որ զենքի փողի վրա առկա է Սերյոժա Ավետիսյանին ԴՆԹ-ն, այսինքն՝ ենթադրվում է, որ նա զենքի փողը բռնել է (նա նաև քունքի շրջանում վնասվածք ուներ, որը խզակոթի հետևանքով էր առաջացել), բայց Պերմյակովը հերքել է, որ ինքը նրա նկատմամբ այլ բռնի գործողություն է կատարել, և նշել, որ նա տեղից վեր չի կացել: Նորից նշեմ, որ սրանք իր սուբյեկտիվ ընկալումներն են, այն, ինչին նա է հավատում անկեղծորեն:

Նա նշում է, որ դրանից հետո կրակել է Հասմիկ Ավետիսյանի ուղղությամբ: Ընդ որում, նշում է, որ նա չի հասցրել նստել կամ վեր կենալ, բայց փորձել է վեր կենալ: Դեպքի վայրի զննության ժամանակ, երբ հետազոտվել է դեպքի վայրը, պարզվել է, որ Հասմիկ Պողոսյանի ոտքերը մահճակալից դուրս եկած են եղել: Այսինքն՝ այստեղ ևս նրա ցուցմունքը որոշակիորեն համապատասխանում է գործի տվյալներին:

Շատ հետաքրքրական է Արմեն Ավետիսյանի հետ կապված դրվագը: Այստեղ ինձ մոտ որոշակի հավատ է առաջանում պոլիգրաֆի նկատմամբ, քանի որ ինքը պոլիգրաֆի հետազոտության ժամանակ այնպիսի տեղեկություններ է հայտնում, որոնք նույնիսկ մինչ այդ ցուցմունքում հայտնած չի եղել: Մասնավորապես՝ նա սկզբում նշում է, որ, երբ արդեն երկրորդ սենյակում կրակոցներ եղան, երրորդ սենյակից մի տղա է եկել վազելով, դուռը բացել և արդեն գրեթե սենյակ մտնելու ժամանակ կրակել է նրա ուղղությամբ, և Արմեն Ավետիսյանն ընկել է գետնին: Սրա մասին ասել է ցուցմունքում: Բայց արդեն հայտնում է նաև, որ երբ գետնին փորի վրա ընկած էր, երկրորդ կրակոցն է կատարել վերևից՝ ներքև, և դրանով վերջ դրել նրա կյանքին»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Արմեն Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է վերևից ներքև վնասվածք, որը ստացել է գետնին ընկած վիճակում:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Արաքսյա Պողոսյանի վերաբերյալ որոշակի հակասական տվյալներ է հայտնել Վալերի Պերմյակովը: Նրա խոսքով՝ վերջինս նախ նշել է, որ նա նստել էր անկողնում, գոռում էր և հեռախոսով փորձում էր զանգել, ապա նշել է, որ հեռախոսով զանգ չի եղել: Ըստ փաստաբանի՝ պոլիգրաֆով առավել արժանահավատ է համարվել, որ Արաքսյա Ավետիսյանը վերմակով ծածկվել է կրակոցի ժամանակ, հավանաբար փորձել է ծածկել նաև իր կողքին գտնվող երեխային:

Փոքրիկ Հասմիկ Պողոսյանի սպանության վերաբերյալ, ըստ Երեմ Սարգսյանի, Վալերի Պերմյակովը դարձյալ հակասական ցուցմունքներ է տվել. մեկ նշել է, որ սպանել է հրազենով, մեկ՝ սվինով, մեկ՝ կանգնած դիրքում, մեկ՝ պառկած: Պոլիգրաֆով փորձաքննությամբ հանգել են այն հետևության, որ աղջնակին սպանել է սվին-դանակով, սակայն Հասմիկ Ավետիսյանի մարմնին սվին-դանակի հետքեր չեն հայտնաբերվել. «Սա Պերմյակովի ներքին համոզմունքն է այդ խառնաշփոթ իրավիճակում»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որով նրա մոտ հունվարի 10-12-ն ընկած ժամանակահատվածում որևէ մարմնական վնասվածք կամ դրա ապաքինման հետքեր չեն հայտնաբերվել. «Այսինքն՝ սրանից որոշակի առումով ենթադրենք, որ ներսում որևէ պայքար, մեծ հաշվով, չի եղել, և նրան որևէ մեկը վնասվածք չի պատճառել»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Վալերի Պերմյակովին հայտնաբերելուց հետո արյան փորձաքննություն են իրականացրել, ալկոհոլ և թմրանյութեր նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել:

Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ ժամանակին իրենք նշում էին, որ հայ քննիչները հնարավորություն չեն ունեցել ժամանակին Վալերի Պերմյակովից փորձանմուշներ ստանալ՝ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու համար: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ թարգմանվեցին ռուսական կողմից ուղարկված նյութերը, պարզ դարձավ, որ ռուս քննիչներն առաջին օրը նրանից վերցրել են այդ փորձանմուշները և առգրավել են այն հագուստները, որոնք եղել են Վալերի Պերմյակովի հագին:

«Նշանակվել է փորձաքննություն, պարզվել է, որ Պերմյակովի ձախ ձեռքի, աջ ձեռքի ներսի հատվածներում, քթանցքերում, ինչպես նաև ձախ ականջախեցում հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ, ինչը վկայում է այն մասին, որ քսուկները վերցնելուց կարճ ժամանակ առաջ նա կամ կրակոցներ է արձակել, կամ անմիջականորեն գտնվել է կրակոցներ արձակողի կողքին»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ նրա սվիտերի երկու թևքերին ևս հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ: Նա նշեց, որ այդ արգասիքները հիմնականում լինում են կրակոցներ արձակողի վրա. «Մասնավորապես՝ հաշվի առնելով, որ Պերմյակովի ձեռքերի ներսի հատվածում են մնացել հետքերը, կարող ենք ավելի հավաստի ենթադրել, որ կրակողը հենց նա է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս