«Ներվերիս վրա ազդում էին, և վերջ». Ինչպես է Վալերի Պերմյակովը նկարագրել երեխաների սպանությունը. բացահայտում է փաստաբանը

«Շատ տարօրինակ տպավորություն էր մեզ մոտ, որովհետև մի առումով՝ նա շատ խղճալի վիճակում էր, որովհետև նա ասում էր՝ ես չեմ կարողանում հասկանալ, թե ես ինչպես սպանեցի երեխաներին, որովհետև երեխաներն ինձ համար ընդհանրապես ծաղիկներ են, և ես շատ եմ սիրում երեխաներին: Դրա հետ մեկտեղ՝ ասում էր, որ՝ արել եմ, դե՛, այդպես ստացվեց, և ժպտում էր ամբողջ ընթացքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով մեղադրյալ Վալերի Պերմյակովի նկատմամբ անցկացված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությանը, որին մասնակցել էին փաստաբանները:

Լուսինե Սահակյանն ասաց, որ ամբողջ ընթացքում, երբ Վալերի Պերմյակովը նկարագրել է, թե ինչ է արել, ասում էր ժպիտով, իսկ երբ նրան հարցնում էին՝ արդյոք հոգին չի՞ ցավում, նա պատասխանում էր՝ ոչ: «Ասում էին՝ բայց չէ՞ որ դու ասում էիր, որ զղջում ես (ասում էր՝ ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ հասկանան ու ներեն իմ արածի համար), մի առումով դա ես ասում, մյուս առումով ասում ես, որ՝ հոգիս չի ցավում, ասում էր՝ չէ, իմ մարմնի ոչ մի տեղն էլ չի ցավում, հոգին ո՞նց կարող է ցավել: Այս աստիճանի պրիմիտիվ անձնավորություն է ինքը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությանը ծանոթանալով՝ որոշակիորեն ակամայից ծանոթացել են նաև Վալերի Պերմյակովի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին:

Նրա խոսքով՝ մասնագետներն ուսումնասիրել էին դրանք և վերլուծել: Երվանդ Վարոսյանի խոսքով՝ որոշակի իրարամերժ ցուցմունքներ է տվել Վալերի Պերմյակովը, սակայն ընդհանուր առմամբ իր ցուցմունքից ստացվում է, որ զորամասն ի սկզբանե լքել է, որպեսզի սահմանները հատելով՝ հասնի Ռուսաստանի Դաշնություն:

Կարդացեք նաև

«Ի սկզբանե իր նպատակը եղել է տուն գնալը: Զենքը հատուկ է վերցրել, որպեսզի զենքի միջոցով կարողանա հագուստ և գումար հայթայթել, որպեսզի կարողանա հատել սահմանները: Ինչո՞ւ Ավետիսյանների տունը՝ ըստ Պերմյակովի, քանի որ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է իրեն հանդիպել: Նա նկարագրում է նաև, որ փորձել է թակել դուռը, և, քանի որ արձագանք չի եղել, կարծել է՝ տանը մարդ չկա, սակայն միաժամանակ նշում է, որ ինքը զենքը լիցքավորել է և պատրաստ է մտել տուն՝ նաև սպանություն կատարելու:

Այսինքն՝ հստակ նշում է, որ, եթե տանը լինեին մարդիկ, որոնք իրեն խոչընդոտ էին լինելու՝ հագուստ, գումար հայթայթելու տեսակետից, ինքը սպանելու էր: Նկարագրում է, որ տուն մտնելով՝ ջուր է խմել, որից հետո մտել է առաջին սենյակ, և, երբ իր գլխին ամրացված լապտերի լույսն ընկել է առանձին սենյակում քնած Ավետիսյանների տան դստեր վրա, նա արթնացել է, սկսել է աղմկել, փորձել է հեռախոսով զանգահարել:

Ըստ Պերմյակովի՝ ինքն իրեն անմիջապես կորցրել է, կրակոցներ է արձակել, կրակոցների ձայնից արթնացել են Ավետիսյանների տան մյուս անդամները, և անցնելով սենյակները՝ բոլորին սպանել է հրազենի գործադրմամբ: Վերջին սենյակում իր ցուցմունքի հետ կապված որոշակի տարօրինակություններ են սկսվում: Մենք գիտենք, որ փոքրիկ աղջկան սպանել են հրազենով՝ հենց Պերմյակովի գործածած զենքից արձակված կրակոցով:

Բայց Պերմյակովն այդ սպանությունը տարբեր կերպ է նկարագրում իր ցուցմունքում. մեկ ասում է՝ խզակոթով է հարվածել, մեկ ասում է՝ սվին-դանակով է հարվածել, մեկ ասում է՝ կրակել է, մեկ ասում է՝ աղջիկը կանգնած է եղել մահճակալի մեջ, մեկ ասում է՝ պառկած է եղել, բայց այնուամենայնիվ, երբ ինքը նկարագրում է երեխաների սպանությունը, նաև նկարագրում է, որ իրեն կատարելապես կորցրած վիճակում է եղել, ասում է, որ չէին լռում երեխաները: Ցուցմունքներից մեկում ասում է՝ «ներվերիս վրա ազդում էին, և վերջ»: Այսինքն՝ վերջում, տեսնելով, որ աղմուկ է, դա էլ կատարել է: Բայց աղջկա սպանությունն իր ցուցմունքներում նկարագրում է դիամետրալ տարբեր ձևերով»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ Վալերի Պերմյակովն իր ցուցմունքում նկարագրել է, որ այս իրադարձություններից հետո փոխել է հագուստը. «Ասում է՝ դե՛, համազգեստս հո հետս քարշ չէի՞ տալու, խանգարելու էր ինձ, զենքն էլ: Հագել է Ավետիսյանների տնից գողացված վերնազգեստը, գումար հափշտակել, տան հեռախոսները վերցրել և գնացել դեպի Թուրքիայի սահման: Այդտեղ ինքն ասում է, որ իր նպատակն արդեն Թուրքիա անցնելն էր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»: Երվանդ Վարոսյանն ասաց, որ ըստ Վալերի Պերմյակովի նկարագրության՝ ինքը գիշերը 2-ին է լքել զորամասը, իսկ դեպքը տեղի է ունեցել ժամը 4-ի սահմաններում. ըստ Վ. Պերմյակովի՝ Ավետիսյանների տանը տեղի ունեցածը տևել է 15 րոպե:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս