Դանիայի կենդանաբանական այգում երեխաների աչքի առաջ առյուծի են հերձել
Դանիայի Օդենս քաղաքի կենդանաբանական այգում առյուծի են հրապարակավ հերձել, հայտնում է Daily Mail-ը: 1 տարեկան առյուծին կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցրել էին մի քանի ամիս առաջ՝ կապված այգում այդ կենդանատեսակի պոպուլյացիայի կտրուկ ավելացման հետ:
Առյուծի մարմինը սառեցվել էր: Նշվում է, որ կենդանու հերձման գործընթացն ուղեկցվել է բացատրություններով, իսկ այցելուները հնարավորություն են ունեցել տեսնել կենդանու սիրտն ու մյուս օրգանները:
Կենդանաբանական այգու ադմինիստրացիան հայտնել է, որ այդկերպ իրենք ցանկացել են ցույց տալ, թե որքան կատարյալ է կենդանու մարմինը ու երեխաներին բացատրել անատոմիայի հիմունքները:
Սակայն, ինչպես երևում է հեռարձակման տեսանյութից, երեխաների մեծ մասն աշխատել է չնայել այդ պրոցեսին: Նման նախաձեռնությունը հասարակական լայն արձագանք ու վրդովմունքի ալիք է առաջացրել: