Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ռուսական ավիացիայի հերթական գրոհի տեսագրությունը
Ռուսական գրոհիչ ինքնաթիռները ոչնչացրել են զենքի ու վառելիքի պահեստ Սիրիայի Խրայտան բնակավայրում, իսկ Իդլիբ նահանգում՝ ահաբեկիչների պատրաստման կենտրոն, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Խրայթան բնակավայրի շրջանում «Սու-25ՍՄ» գրոհիչ ինքնաթիռը հարված է հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ռազմամթերքի պահեստին: Ֆուգասային ավիառումբերի ճշգրիտ հարվածներով օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են»,- ասել է գեներալ-մայորը:
Բացի այդ՝ ռուսական ավիախմբի ինքնաթիռները ոչնչացրել են ահաբեկիչների պատրաստման կենտրոն:
«Իդլիբ նահանգում «Սու-25ՍՄ» գրոհիչ ինքնաթիռները հարվածել են լեռնային տեղանքում ահաբեկիչների պատրսատման կենտրոնին: Նկատվել է նաև օբյեկտում պահվող զինամթերքի դետոնացիա: Օբյեկտը ոչնչացվել է»,- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո ռուսական բոլոր ինքնաթիռները բարեհաջող կերպով վերադարձել են «Խմեյմիմ» ավիաբազա: