Սիրիայում իրանցի երկու գեներալ է սպանվել
Սիրիայում ընթացող մարտերի ժամանակ 2 իրանցի գեներալ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական «Թասնիմ» գործակալությանը:
Գեներալ-մայոր Ֆարշադ Հասունիզադեն ու բրիգադային գեներալ Համիդ Մոհթարբանդը, ովքեր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էին, սպանվել են հոկտեմբերի 12-ին մարտերից մեկի ժամանակ։ Թե որտեղ են նրանք զոհվել, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրանք կռվել են ԴԱԻՇ-ի դեմ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սիրիայի կառավարական բանակն Իրանի աջակցությամբ, շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ու ռուսական ավիացիայի օգնությամբ պատրաստվում է լայնամասշտաբ հարձակումներ սկսել Հալեպի շրջանում:
Սիրիական բանակային ստորաբաժանումները համալրվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 1000 կամավորներով, որոնք պետք է գլխավոր դերերում հանդես գան քաղաքի համար մղվող մարտերում:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Հալեպի մերձակայքում սպանվել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ բրիգադային գեներալ Հոսեյն Համեդանին: Նա Սիրիայում ծառայում էր որպես Սիրիայի կառավարության խորհրդական ու ղեկավարում էր Ալ-Կուդս օպերացիան՝ աջակցություն ցուցաբերելով Սիրիայի կառավարությանը:
Ներկայում սիրիական բանակը վերահսկում է Հալեպի արևմտյան մասը, քաղաքի մյուս հատվածը տարբեր խմբավորումների հսկողության ներքո է: