«Հենց միայն այդ պատճառով հարցազրույցներ հազվադեպ եմ տալիս». Միհրան Ծառուկյան

Երգիչ և դերասան Միհրան Ծառուկյանի հանդեպ հանրության ուշադրությունն ու «մտահոգությունն» այնքան մեծ է, որ վերջինիս՝ էկրաններին հայտնվելու առաջին իսկ օրերից, շարունակ «ամուսնացնում և բաժանում են»: Յուրաքանչյուր նոր զուգերգ կամ տեսահոլովակ իր հետ նոր «ամուսնություն» է բերում արտիստին: Թեպետ հարկ է նշել, որ Միհրանը հարցազրույցներ հազվադեպ է տալիս, սակայն 168.amի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նրա համար «նորանոր ամուսնությունների» մասին խոսակցությունները վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել: Իր մասին ի հայտ եկած սուտ հարցազրույցների կամ նյութերի մասին նա շատ անգամ տեղյակ էլ չէ:

«Իմ մասին գրված նյութերը մեծամասամբ առանց իմ մասնակցության են կազմվում: Անհասկանալի աղբյուրներից վերցնում և նյութ են դարձնում», նշում է Միհրանը:

Mihran carukyan (9)

– Հետաքրքիր է՝ Դուք հաճա՞խ եք հարցազրույցներ տալիս: Ձեր մասին շարունակ խոսում են, գրում: Սակայն այդ խոսակցությունները կարծես, թե «սկզբնաղբյուրից» չեն:

Կարդացեք նաև

– Ճիշտ եք նկատել՝ անձամբ ես հարցազրույցներ հաճախ չեմ տալիս: Շատ քիչ են իմ իրական հարցազրույցները:

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին հարցազրույցը: Ի՞նչ էիք զգում, երբ գտակցում էիք, որ հազարավոր մարդիկ, որոնց Դուք չեք ճանաչում, հանկարծ սկսել են հետաքրքրվել Ձեր անձով:

– Սկզբնական շրջանում բնական է, որ ոչ ոք, կոպիտ ասած, «քո հետևից» չի ընկնում: Դեռևս չկա որևէ իրադարձություն կամ թեմա, որպեսզի ընկնեն սկսնակ արտիստի հետևից: Հարցերն էլ բացարձակ սուր չեն լինում՝ զուտ ստեղծագործական կյանքին վերաբերող: Տարիներ առաջ այս ամենի մեջ դեռ նոր էի: Չէի կարող մարդկանց և իրադարձություններին տալ այն գնահատականները, ինչ որ այսօր եմ տալիս:

Mihran carukyan (2)

– Ձեզ դո՞ւր էր գալիս այն միտքը, որ Դուք հետաքրքրում եք մարդկանց:

– Բնականաբար՝ այո: Եթե դու մի բան ես անում, և դա հաջողվում է այնքան, որ մարդիկ սկսում են հետաքրքրվել քեզանով, ուրեմն՝ ճիշտ ուղու վրա ես: Հիանալի է, երբ քո արած գործը դուր է գալիս մարդկանց: Աննորմալ կլիներ, եթե դա ինձ դուր չգար: Եթե աշխատում ես հանրության համար, ուրեմն պիտի այնպես անես, որ դա դուր գա ոչ միայն քեզ, այլև հանրությանը:

– Տեսակով փա՞կ, թե՞ բաց մարդ եք:

– Կասեի՝ փակ:

– Փակ լինելով հանդերձ՝ դժվար չէ՞ լինել հանրային մարդ: Հակասական չէ՞ արդյոք՝ լինել փակ մարդ և ձգտել լինել հանրության ուշադրության կենտրոնում:

– Ինչ խոսք՝ կա դժվարություն: Բայց տարիների ընթացքում այս ամենի մեջ լինելով՝ մի տեսակ իմունիտետ եմ ձեռք բերել: Միգուցե հենց այդ պատճառով հարցազրույցներ հազվադեպ եմ տալիս:

Mihran carukyan (1)

– Իսկ ինչպե՞ս եք «պայքարում» սուտ լուրերի կամ զրպարտող գրառումների դեմ:

– Իմունիտետս ինձ օգնում է: Փորձում եմ այդ ամենին պատասխան չտալ, որ ավելի շատ չտարածվի: Եթե պատասխանեմ, ապա դրան հաջորդելու են նորանոր մեկնաբանություններ: Դրանով միայն օգուտ կտամ սուտ լուրերի տարածմանը:

– Եթե անգամ չհետևեք այդ գրառումներին, միևնույն է՝ լուրերը հաստատ հասնում են Ձեզ:

– Սուտ կլինի, եթե ասեմ, որ բացարձակ ոչ մի մեկնաբանության չեմ հետևում: Բայց նաև այնպես չէ, որ ամբողջ օրը հիվանդագին սպասում եմ նորանոր քոմենթների: Հետևում եմ այն ամենին, ինչ կապված է իմ անձի հետ:

– Փաստորեն, միայն անտեսելո՞վ եք պատասխանում այդօրինակ նեգատիվին: Պայքարի այլ տարբերակներ չկա՞ն:

– Ես չեմ, Դո՛ւք եք, ի՞նչ անեմ, ասե՛ք: Իհարկե, լինում են դեպքեր, երբ չափն անցնում են, և ստիպված ինչ-որ քայլերի եմ դիմում՝ համապատասխան ձևով պատասխանում տվյալ մարդկանց: Բայց նման երևույթները տարվա մեջ մեկ կամ երկու անգամ են լինում:

Mihran carukyan (4)

– Կարո՞ղ եք հիշել նման մի դեպք:

– Անգամ եթե հիշեմ, ներեցեք, բայց չեմ ասի:

– Միհրան, առաջին հետաքրքրությունը Ձեր անձի հանդեպ՝ Ձեր՝ Ծառուկյան, ազգանունն առաջացրեց: Պատմե՛ք մի փոքր՝ ովքե՞ր են Ձեր ծնողները:

– Մայրս մասնագիտությամբ երաժիշտ է: Հայրս՝ երաժշտությունը սիրող բիզնեսմեն: Հայտնի Ծառուկյան գործարարի հետ ոչ մի բարեկամական կապ չունենք: Ուղղակի նույն ազգանունն ենք կրում:

– Հանգիստ, հավասարակշռված մարդու տպավորություն եք թողնում: Դա միայն տպավորությո՞ւն է, թե՞ իրապես այդպիսին եք:

– Ընդհանուր առմամբ էությամբ հանգիստ մարդ եմ, բայց ինձ շատ արագ կարող է հունից հանել սուտը: Տանել չեմ կարող ստախոսներին:

Mihran carukyan (7)

– «Հեռո՛ւ մնա մարմանդ գետից» արտահայտությունը Ձեզ վերաբերո՞ւմ է:

– Չեմ կարող ասել: Ես այնպիսին եմ, ինչպիսին՝ կամ: Ոչ մի ավելորդ դերասանություն չեմ անում մարդկանց հետ շփվելիս:

– Ինչպիսի՞ն է Ձեր կյանքի ռիթմը:

– Իրականում շատ անսովոր չէ իմ կյանքի ռիթմը: Առավոտից նկարահանման եմ՝ մինչև ուշ երեկո, այնուհետև ձայնագրման ստուդիա ենք գնում, շատ անգամ համերգների պատճառովբացակայում եմ քաղաքից: Բայց դա իմ ընտրությունն է: Իմ կյանքի ռիթմն ինձ դուր է գալիս:

– Այն Ձեզ թույլ կտա՞ ունենալ անձնական կյանք, ընտանիք:

– Բնականաբար՝ այո: Ինձ թվում է՝ այդ ռիթմը նույնիսկ կօգնի: Ես արդեն զգում եմ դրա բացակայությունը, ես էլ եմ ուզում ունենալ իմ ընտանիքը: Վստահ եմ, որ կկարողանամ այնպես ապրել, որ կյանքիս ռիթմի պատճառով չտուժի ո՛չ ընտանիքս, ո՛չ կարիերաս: Արդեն 28 տարեկան եմ, և այնպես չէ, որ չեմ ամուսնանալու: Չարժե սպասել և, օրինակ, 39 տարեկանում ամուսնանալ:

Mihran carukyan (5)

– Ի դեպ, վերջերս Ձեզ ում հետ ասես՝ չամուսնացրեցին:

– Այո, դա պարբերաբար կրկնվող երևույթ է դարձել: Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ է հանրությունն ինձ ամուսնացրել: Ես միշտ ասել եմ, որ երբ գա ժամանակը, ես կհայտնեմ իմ ամուսնության մասին՝ անձամբ: Ես այդ մասին կխոսեմ, կբարձրաձայնեմ: Իմաստ չեմ տեսնում թաքցնելու մեջ:

– Դերասանուհի Արփինե Գաբրիելյանի և Ձեր «սիրավեպի» մասին լուրերն ինչո՞ւ այդքան լայն տարածում գտան: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց առաջացան խոսակցությունները:

– Մենք ի սկզբանե գիտեինք, որ այդպես էլ լինելու է, քանի որ տեսահոլովակ էինք նկարահանում:

Mihran carukyan (3)

– Այսինքն՝ Ձեզ պե՞տք էին այդ խոսակցությունները:

– Ո՛չ իհարկե: Պարզապես մենք արդեն կռահում էինք, որ այդ խոսակցությունները լինելու են: Եվ, եթե նկատել եք, մենք այդ խոսակցություններին պատասխան չենք տվել:

– Ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը՝ սերիալի ողբերգական հերոսից՝ դեպի կատակերգական դերակատարման: Հոգնե՞լ էիք սերիալային կերպարից, թե՞ պարզապես «թարմություն» էր պետք:

– Իմ մասնակցությունը «Ֆուլ Հաուսում» շատ պատահական ստացվեց: Հումորային ժանրն ինձ համար խորթ էր: Վախենալով, բայց ֆիլմի ստեղծագործական թիմի տղաներին հավատալով՝ համաձայնեցի և մասնակցեցի:

Mihran carukyan (6)

– Ի՞նչ պայմանների առկայության դեպքում եք համաձայնում մասնակցել կորպորատիվ միջոցառումներին:

– Ոչ մի առանձնահատուկ պայմաններ չեմ դնում մարդկանց առջև՝ կորպորատիվներին երգելու դիմաց: Ինձ համար կարևոր է վայրը, միջոցառման տեսակը և, բնականաբար, ֆինանսական կողմը:

– Կա արդյո՞ք գնային սանդղակ, որից ցածր չեք համաձայնում երգել:

– Բնականաբար՝ կա: Սակայն դա բարձրաձայնելու թեմա չէ:

– Երբ կորպորատիվ երեկոներին Դուք երգում եք, իսկ այդ ընթացքում սրահում հավաքված մարդիկ ծամում են, զրուցում, դա Ձեզ չի՞ վիրավորում:

Mihran 1

– Պետք չէ ընդունել դա՝ որպես արհամարհանք: Բնական է, որ կորպորատիվի կամ այլ խնջույքի ժամանակ մարդիկ ուտում են: Ուղղակի անհնար է ասել. «Ժողովուրդ, մի հատ հացը դրե՛ք մի կողմ, ես հիմա երգելու եմ»: Երբ համաձայնում ես երգելու խնջույքներին, գիտես, թե ուր ես գնում: Շատ ավելի կարևոր է այն փաստը, որ տվյալ միջոցառման կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ հենց դու լինես իրենց հյուրը, իրենց ուրախության, կյանքի կարևոր իրադարձության մասնակիցը՝ երգիչը: Բացի այդ, համաշխարհային շոու-բիզնեսի մեջ վաղուց ընդունված երևույթ է կորպորատիվներին մասնակցելը:

Հ.Գ. Ի դեպ, մինչ նոյեմբերի վերջ Միհրանը հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված ռիթմիկ երաժշտության հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս