Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակն առավել անհանգստացնող է. Եվրոպայի խորհուրդ
Եվրոպայի խորհրդի ձայնը պետք է բարձր հնչի՝ կապված խոսքի ազատության խախտումների հետ, ու հարկավոր է կոնսոլիդացիա գլոբալ մակարդակով՝ պաշտպանելու այդ հիմնարար ազատությունը:
Այսպիսին էր Ստրասբուրգում հոկտեմբերի 13-ին բացվող երկօրյա համաժողովի լեյտմոտիվը՝ «Արդյոք մնո՞ւմ է ազատությունը ժողովրդավարության նախապայման»:
Այն երկրների թվում, որտեղ խոսքի ազատ արտահայտման հետ կապված իրավիճակն առավել անհանգստացնող է, տրվել է նաև Ադրբեջանի անունը, հայտնում է contact.az-ը:
Համաժողովին ներկա է եղել մոտ 300 մասնակից՝ դատավորներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ:
Բացելով համաժողովը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող Բոսնիայի ու Հերցեգովինայի վարչապետ Ալմիր Շախովիչը կարևորել է խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարության համար:
Նրա խոսքով՝ դեմոկրատական հասարակությունում պետք է ազատորեն քննարկվեն բոլոր խնդիրները, անգամ՝ շոկայինները: ԵՄ անդամ-երկրները պետք է ապահովեն լրագրողների անվտանգությունը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդն ընդգծել է դեմոկրատական հասարակության ուժեղ կոորդինացիայի անհրաժեշտությունը ազատ խոսքի պաշտպանության համար:
Նրա համոզմամբ՝ խոսքի ազատությունը պետք է ապահովվի նաև on-linе եղանակով:
Լրագրության ոլորտում իրավունքի հայտնի փորձագետ Ջոշուա Ռոզենբերգը նկատել է, որ մի շարք երկրներում լրագրողները ավելի շատ են վախենում իրենց կառավարություններից, քան ահաբեկիչներից:
Նշվել է, որ երկու տարում Եվրոպայում սպանվել է 15 լրագրող: Մի շարք երկրներում լրագրողները բախվել են չհիմնավորված քրեական հետապնդումների ու ֆիզիկական հարձակումների: Շատ հաճախ լրագրողների դեմ հանցագործությունները մնում են անպատիժ: Եթե երկրում լրջորեն սահմանափակվում է ազատ կամարտահայտությունը, ապա այն չի կարելի անվանել ժողովրդավարական:
Նրա կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի ձայնը պետք է ավելի բարձր հնչի ազատ խոսքի խախտումների դեպքերում ու այնտեղ, որտեղ լրագրողները հետապնդումների են ենթարկվում:
ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նկատել է, որ այդ համաժողովին ներկա չեն Եվրոպայի խորհրդի ու ԵԱՀԿ-ի իրենց գործընկերները Ադրբեջանից, քանի որ գտնվում են բանտերում: