«Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին». Փոլ Գոբլ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետներից մեկը` ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, որ ժամանակին եղել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականը, համոզված է, որ մասնավորապես Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ, բայց դա կանի միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում:
Գոբլը թերթի հետ հարցազրույցում հայտարարեց. «Մոսկվան ուզում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը կրկին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորը պնդում է, որ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը և անհրաժեշտության դեպքում կդավաճանի հայերին: Իսկ Արևմուտքը, Գոբլի խոսքով, անհրաժեշտ լծակներ չունի տարածաշրջանում, հետևաբար հակամարտության վերսկսման դեպքում «Արևմուտքը հարցը կթողնի Մոսկվային»:
– Հաշվի առնելով վերջին իրադարձությունները սահմանին` կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ:
– Այո, իրավիճակը փոխվել է, թեև փոփոխությունները տեղի ունեցան երկար սպասված հարացույցի շրջանակներում. Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել դավաճանել Հայաստանին, եթե կարողանար համոզել Բաքվին՝ անցնել Մոսկվայի կողմը, ոչ թե Արևմուտքի: Դա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Շատ հավանական է, որ դա տեղի ունենա այսօր, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են. Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանը կարող է շատ վտանգավոր համարել:
– Որքանո՞վ է հավանական լայնամասշտաբ պատերազմը մոտ ապագայում, և ո՞վ է ընդհանրապես ուզում պատերազմ հրահրել Ղարաբաղում:
– Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց շատերը Հայաստանի և Ադրբեջանի իշխանական վերնախավերում օգուտ են ստանում պարբերաբար լարվածություն հրահրելուց, որպեսզի հիշեցնեն հանրությանը, որ նրանք պետք է հաշտվեն գոյություն ունեցող էլիտաների հետ, ինչ էլ որ լինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: