Գլխավոր դատախազը հիմքեր չի՞ ունեցել գործ հարուցելու համար. շարունակվեց Դուբայում հնդիկի սպանության գործի քննությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դուբայում ազգությամբ հնդիկ տղամարդու սպանության գործի քննությունը:
ՀՀ երեք քաղաքացիներ մեղադրվում են շնչահեղձության եղանակով ոսկու առևտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակցին սպանելու, առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 դրամին համարժեք՝ 1.700.000 դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ հափշտակելու և մաքսանենգության մեջ:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց դատարանին գլխավոր դատախազությունից պահանջել և քրեական գործին կցել Արաբական Միացյալ Էմիրություններից ստացված միջնորդության պատճենը: Ըստ փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն: Փաստաբանի խոսքով՝ հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազին հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել Արաբական Միացյալ Էմիրություններից ստացված համապատասխան միջնորդության պատճենը, որը հիմք է հանդիսացել քրեական գործի հարուցման համար: Փաստաբանի խոսքով՝ մինչ այժմ հարցման պատասխանը չի ստացվել: Կարեն Հակոբյանի խոսքով՝ այդ տեղեկության ստացումն էական նշանակություն ունի ամբաստանյալների պատասխանատվության հարցը ճիշտ լուծելու համար, քրեական գործի հարուցումից հետո ստացված փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությունը վիճարկելու համար:
Փաստաբանը հավելեց, որ քրեական գործի նյութերոմ առկա է Դուբայում գործող օրենքների հոդվածների հավելվածը. ըստ նրա՝ հավելվածում առկա է կանխամտածված սպանության վերաբերյալ, սակայն ավազակության վերաբերյալ խոսք չկա, խոսք կա կողոպուտի մասին: «Հաշվի առնելով, որ Դուբայի օրենսդրությամբ ավազակային հարձակում նախատեսված չէ, կարծում եմ՝ այս հարցերը հստակեցման կարիք ունեն՝ ընդհանրապես հետագայում քրեաիրավական նորմերի մրցակցության և ընդհանրապես կիրառելի իրավունքի հարցը որոշելու համար»,- ասաց նա:
Գործով մյուս ամբաստանյալներ Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է քրեական գործի հարուցման առիթներն ու հիմքերը. «Գլխավոր դատախազն այդ առիթներն ու հիմքերը չի ունեցել քրեական գործ հարուցելու համար»:
Գործով մեղադրողն ասաց, որ բավարար հիմքեր և առիթներ եղել են գլխավոր դատախազի կողմից նշված հոդվածներով քրեական գործ հարուցելու համար: Միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև դատախազի կողմից ճշտումներ անելը:
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը բավարարել էր դատաքննությունը լրացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավորը հաղորդեց, որ համապատասխան նամակ է ուղղվել Ինտերպոլի ազգային պետական բյուրոյին՝ համապատասխան խողովակներով Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներից տեղեկություններ ստանալու և ապացույցներ պահանջելու վերաբերյալ:
Նշենք նաև, որ դատարանը ստացել էր երկու ապահովագրական ընկերությունների հայցադիմումը՝ հանցագործությամբ պատճառված վնասի բռնագանձման, հատուցման պահանջի վերաբերյալ: