«Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունը կխորանա». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Սիրիայում ծավալվող իրադարձություններն անկանխատեսելի ընթացք ունեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը: Նա նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Սիրիայում, քանի որ այն բավականին դինամիկ և անկանխատեսելի է զարգանում, ամեն օր ինչ-որ նոր բան է փոխվում: Նա հիշեցրեց երեկ միջազգային մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ամերիկյան օդուժը շուրջ 50 տոննա ռազմամթերք է նետել Սիրիայի հյուսիսի, այսպես կոչված, ապստամբներին, որոնք  կարծես թե համագործակցում են քրդական ուժերի հետ: «Սա նոր զարգացում ու նոր էսկալացիա է իրենից ենթադրում, այդ առումով գրեթե անհնար է կանխատեսումներ անելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- հստակեցրեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով սիրիական հակամարտությունում Իրանին ու Իսրայելին վերապահված դերերին, ասաց, որ և Իրանը, և Իսրայելը բավական ակտիվորեն ներգրավված են հակամարտության մեջ:

«Իսրայելը բազում անգամներ հարվածներ է հասցրել սիրիական ուժերին, սակայն, կարծում եմ, որ ՌԴ ակտիվ գործողությունների փուլից հետո Իսրայելի հետ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել իսրայելյան գործողությունները որոշակիորեն զսպելու, կանխարգելելու առումով, կարծում եմ, որ համաձայնությունը կա, քանի որ տեղի ունեցավ առանձին այց, տեղի ունեցան առանձին հանդիպումներ և վստահ եմ, որ գաղտնի հանդիպումներ ևս տեղի են ունեցել:

Իրանը որևէ կտրուկ փոփոխություն իր քաղաքականության մեջ չի իրականացրել, սիրիական բանակի գործողությունների առավել ակտիվացմանը զուգահեռ Իրանը գուցե մեծացնի իր հատուկ նշանակության ջոկատների ներկայությունը երկրում: Հիմնականում կարծում եմ, որ Իրանի և Իսրայելի հետ կապված կտրուկ փոփոխություններ առայժմ սպասել չի կարելի»,- ասաց քաղաքագետը:

Նրա համոզմամբ, Արևմուտքի և ՌԴ-ի միջև լարվածությունը շատ ավելի կմեծանա ժամանակի ընթացքում, որովհետև Հանրապետական լոբբին ԱՄՆ Կոնգրեսում և ընդհանրապես քաղաքական դաշտում ազդեցիկ է, ինչպես նաև մամուլը բավական մեծ ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վարչակարգի վրա, որպեսզի առավել մեծ հակադրություն ցուցաբերվի ռուսական գործողություններին: Երեկ, իհարկե, ձևական, բայց հաղորդագրություն պարունակող տեղեկատվություն հայտնվեց մամուլում, որ բրիտանական օդուժին թույլատրվել է Բրիտանիայի ՊՆ-ի կողմից խփել իրենց սպառնառցող ռուսական ինքնաթիռները, չեմ կարծում, որ դա երբևէ իրականություն կդառնա, սակայն քաղաքական առումով պարզ է, որ կա էսկալացիա Արևմուտքի և Ռուսաստանի միջև և դա հերքել հնարավոր չէ»,- մեկնաբանեց Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ նախագահ Օբամայն թերևս միակն է ամերիկյան վարչակարգում, ով դեմ է ակտիվ ինտերվենցիային, այսպես կոչված ապստամբներին լայնամասշտաբ աջակցություն ցույց տալուն, թեև դա բավական հոգատար կերպով թաքցնում է:

Սրա համար, ըստ բանախոսի, Օբաման անարդարացիորեն ենթարկվում է քննադատության հանրապետական լոբբիի և նրանց ետևում կանգնած ուժերի կողմից:

Գնահատելով ՌԴ քաղաքականությունը Սիրիայում, քաղաքագետն ասաց, որ ՌԴ-ն հրաշալիորեն հաշվարկել է իր քայլերը, ուստի փորձում է հաստատվել, որպես ռազմական տերություն` իր խնդիրներն ու շահերը պաշտպանելով Միջին Արևելքում: «ՌԴ-ն նաև փորձում է կանխարգելել Հյուսիսային Կովկասի հնարավոր փլուզումը, քանի որ կա իսլամիզմի լուրջ գաղտնի վերելք, հետաքրքիր փաստեր կան, որ իսլամիստների ակտիվությունը Հյուսային Կովկասում խիստ նվազել է սիրիական պատերազմից հետո, քանի որ գնացել են այնտեղ կռվելու, ՌԴ-ն խնդիր ունի նրանց վերադարձը թույլ չտալ և վերացնել տեղում` հենց Սիրիայում: ՌԴ-ի խնդիրն է նաև ռազմական ներկայությունը պաշտպանել, երրորդ խնդիրը Միջին Արևելքում իր դերակատարությունը մեծացնելը, չորրորդն, իհարկե, համաշխարհային ահաբեկչական պետության առաջխաղացումը կասեցնելն է»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս