Եթե մարդը ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել, փող ներդնել, նրա առաջ պետք է գորգ փռվի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Կիրակի Mezzo-ով նայում էի մեր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթը Փարիզի սիմֆոնիկ նվագախմբի հետ` Անդրիս Նելսոնսի ղեկավարությամբ: Հնչում էր Բեթհովենի ջութակի կոնցերտը, իսկ հետո Սերգեյը որպես bis կատարեց Բախի Պարտիտայից մի հատված: Համաշխարհային համբավ ունեցող որեւէ երաժշտից հայաստանցի ջութակահարը ոչնչով պակաս չէ: Նույն օրն իմացա, որ ֆուտբոլի մեր հավաքականը 0:3 հաշվով սեփական դաշտում պարտվել է Ալբանիայի հավաքականին (խաղը չեմ նայել` նյարդերս խնայելու համար):
Հակասական զգացմունքները, որոնք մենք ապրում ենք ամեն քայլափոխի, մեր հակասական կյանքի արտացոլումն են: Երբեք չեմ տառապել ազգային սնապարծությամբ, բայց միշտ վստահ եմ եղել, որ տաղանդավոր մարդիկ հայերի մեջ շատ-շատ են` սկսած տնտեսությունից եւ վերջացրած գիտությամբ, արվեստով, սպորտով: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայաստանյան ձեռնարկությունների հաջողությունները դրա ապացույցն են:
Ինչո՞ւ է այստեղ վիճակը համեմատաբար բարվոք (իհարկե, ցանկալի կլիներ, որ հարյուրապատիկ ավելի բարվոք լիներ): Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մեր «վերնախավը» գլուխ չի հանում այդ ոլորտից` դա առեւտուր չէ, որտեղ կարելի է 50 տոկոսով խցկվել: Տնտեսության այդ ճյուղի շուկան ամբողջ աշխարհն է, որի հետ կապ հաստատելը վայրկյանների խնդիր է: Ահա թե ինչու այս ոլորտում աշխատողներին քիչ թե շատ հանգիստ են թողել: Տաղանդավոր մարդկանց կազմակերպելու համար պետք են գիտելիքներ, ինչպես նաեւ սեփական հավակնությունների (այդ թվում` նյութական) գիտակցական սահմանափակում: Իհարկե, շատ բան պայմանավորված է երկրում տիրող «խաղի կանոններով»: Մասնավորապես, եթե մարդը (լինի նա տեղացի, թե արտասահմանցի, հայ թե այլազգի) տնտեսական ոլորտում ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել, փող ներդնել, ապա նրա առաջ պետք է գորգ փռվի, եւ չինովնիկները պիտի հարցնեն՝ «ի՞նչ է ձեզ պետք՝ ձեր բիզնեսն առավել շահավետ կազմակերպելու համար»: Բայց մեր չինովնիկները բոլորովին այլ հարց են տալիս՝ «բա ի՛մ քյարը ո՞րն է լինելու»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: