ՀՀ գազալցակայաններում գազը տարբեր գին ունի. «ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում գործող գազալցակայաններում բնական գազը վաճառվում է տարբեր գներով։ Մասնավորապես, եթե Արմավիրի մարզում որոշ գազալցակայաններում ավտոմեքենաները կարելի է լիցքավորել 1 խմ գազի համար վճարելով 180-200 դրամ, ապա Աշտարակի շրջակայքում գինը տատանվում է 170– 180 դրամի սահմաններում։ 1 խմ գազի գինն ավելի ցածր է Տավուշի մասնագետների Իջեւան կամ Դիլիջան քաղաքաներում՝ 160– 170 դրամ, մինչդեռ Երեւանում, ընդհակառակը, վաճառվող գազն ամենաթանկն Է՝ 200-210 դրամ։ Գների այս տարբերությունը խոսում է այն մասին, որ Երեւանում գազ վաճառողները սպառողների հաշվին գերշահույթներ են ստանում։

«ժողովուրդ»–ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում գործող գազալցակայաններին առաքվել է 29 մլրդ 91 մլն դրամի գազ, բայց վերջիններս դրա համար վճարել են 30 մլրդ 535 մլն 100 հազար դրամ՝ 4 տոկոս գերավճարով։ Մինչդեռ նախորդ տարի գազալցակայաններին առաքվել է 25 մլրդ 131 մլն դրամի գազ, իսկ վերջիններս վճարել են 25 մլրդ 936 մլն դրամ 3 տոկոս գերավճարով։

Ըստ մասնագետների՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է գազով շահագործվող ավտոմեքենաների թիվը, որն էլ ուղիղ կապ ունի մարդկանց սոցիալապես անապահով վիճակի հետ։ Բանն այն է, որ մեքենան գազով շահագործելն ավելի մատչելի է, քան բենզինով։ Այս պատճառով բազմաթիվ քաղաքացիներ, գնելով բենզինով շահագործվող ավտոմեքենա, այն արագ վերածում են գազով աշխատողի, որը, թեեւ, ավելի ձեռնտու է, սակայն ոչ նույնքան ապահով։

Ի դեպ, ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում գազով աշխատում է մեքենաների 77,3 տոկոսը։ ՀՀ-ում գործող գազալցակայաններում վաճառվող բնական գազի գների տարբերության մասին բազմիցս խոսվել է։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «ժողովուրդ»–ը վարորդներից դժգոհություններ է ստանում ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում գործող գազալցակայաններում վաճառվող բնական գազի գների տարբերության վերաբերյալ։ Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակության պետական պաշտպանության հանձնաժողովը գազալցակայանների նման գնային քաղաքականության մեջ մրցակցային օրենսդրության որեւիցե խախտում չի տեսնում։ Ըստ հանձնաժողովի՝ այս փաստը վկայում է տարբեր գնային քաղաքականության մասին, որտեղ կա մրցակցային իրավիճակ։

Տնտեսվարող սուբյեկտները վարում են գների անկախ քաղաքականություն, եւ որեւէ հսկողություն չի կիրառվում նրանց նկատմամբ, եթե վերջիններս չունեն բնական մենաշնորհներ, գերիշխող դիրք, եւ եթե հակամրցակցային համաձայնության չեն եկել՝ անհիմն բարձրացնելով պահպանելով կամ իջեցնելով գները։ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «ժողովուրդ»–ին փոխանցեց, որ գազալցակայանների ոլորտում գերիշխող տնտեսվարողներ չկան, իսկ հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք գրավող տնտեսվարողներ։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի Նախագահ Բաբկեն Պիպոյանի պնդմամբ՝ կարեւոր է տեղեկանալ, թե ՀՀ հատկապես ո՞ր գազալցակայաններում ինչ ճնշման եւ ջերմաստիճանի տակ են մեքենան լցավորում։ Չէ՝ որ ճնշումից եւ ջերմաստիճանից կախված է, որ գազալցակայանում գոյանում է բնական գազի գինը»։

Ամբողջությամբ կարդացեք «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս