Անցանկալի ճգնաժամ ռուս-թուրքական հարաբերություններում՝ Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքներով
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում շարունակում են նոր խնդիրներ ստեղծել միջազգային հարաբերություններում։ Ռուսական ավիահարվածները Սիրիայում ջրի երես հանեցին 2011 թվականից գաղտնի փուլում գտնվող ռուս-թուրքական հարաբերություններում առկա լուրջ տարաձայնությունները սիրիական ճգնաժամի շուրջ, մինչդեռ սիրիական պատերազմից առաջ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները փորձագետները համարում էին հաջողված` վիզայի ազատականացման բանակցությունների, համատեղ էներգետիկ նախագծերի, ատոմակայան կառուցելու շուրջ համաձայնության, լուրջ առևտրաշրջանառության շնորհիվ։
Այսօր, փաստորեն, Սիրիայում ՌԴ իշխանությունները պաշտպանում են Ասադի կառավարությանը, որի հեռանալու համար չորս տարի պայքարել է Թուրքիան` սատարելով սիրիական ընդդիմությանը, այդ թվում` «չափավոր» որակմամբ հայտնի ընդդիմությանը, որին էլ, ըստ միջազգային մամուլի, ՌԴ-ն այսօր թիրախավորել է «Իսլամական պետության» փոխարեն։ Օրերս Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն տեղեկացրեց, որ 57 հարվածից միայն երկուսի թիրախում է եղել ԻՊ-ը։
Ռուս-թուրքական տարաձայնությունները մասնավորապես արտահայտվեցին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններում` Սիրիայում ծավալված ռազմական գործողություններին մասնակցող ռուսական ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելուց հետո, թեև ռուսական կողմը հանդես եկավ բացատրություններով։
«ՌԴ-ի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն։ Բայց եթե ՌԴ-ն Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի, մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի»,- հայտարարեց Էրդողանը` հիշեցնելով, որ Թուրքիայի դեմ հարձակումը հարձակում է նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ, և իրենք չեն կարող հանգիստ նստել և նայել, թե ինչպես են ռուսական օդանավերը ներխուժում Թուրքիայի օդային տարածք։ Ինչպես գրում է CNN-ի սյունակագիր, Էսսեքսի համալսարանի ավագ դասախոս Նատաշա Էզրոն, չնայած Թուրքիան իրեն ստորադասված է զգում ՌԴ-ի կողմից օդային խախտումներից, Անկարան շատ բան չի կարող անել ի պատասխան։
«Թուրքիայի հարաբերությունները ՌԴ-ի հետ ավելի շատ կախվածություն են, քան փոխադարձ կապ` ՌԴ-ն Թուրքիայի երկրորդ ամենահզոր առևտրային գործընկերն է, և Թուրքիայի բնական գազի 60%-ը գալիս է ՌԴ-ից` դրանով իսկ Թուրքիային խոցելի դարձնելով ՌԴ-ի գազի մատակարարման դադարեցման դիմաց»,- գրում է հոդվածագիրը` եզրակացնելով, որ Էրդողանն անելու է ամեն բան հարաբերությունները ճգնաժամային փուլ չտեղափոխելու նպատակով։
Ռուս-թուրքական կաթսայում ուշագրավ է նաև հայկական մամուլում հայտնված, սակայն բավարար մեկնաբանություն չստացած տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 6-ին և
7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները
2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում: Սա հայ-թուրքական հարաբերություններում եզակի իրադարձություն է։ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի փոխանցմամբ, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով։
Այնինչ փորձագետները թուրքական ռազմական ուղղաթիռների «սխալը» պատահական չեն համարել։ Փորձագետներից մեկը հիշեցրել է` այդ սահմանը հսկում է ռուսական զինուժը, որի ինքնաթիռներն ավելի վաղ` Սիրիայի կառավարությանն աջակցելու ընթացքում, մի քանի անգամ ներխուժել էին Թուրքիայի տարածք։
Մեզ հետ զրույցում Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն ասաց, որ Էրդողանը չափազանց շատ խնդիրներ ունի, որպեսզի հրամաններ արձակի ՀՀ օդային տարածքը խախտելու ուղղությամբ` ի պատասխան ռուսական ռազմական ուղղաթիռի, որը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը միայն մի քանի վարկյանով։ Թուրքիան, ըստ վերլուծաբանի, բուռն կերպով արձագանքեց տեղի ունեցածին ոչ թե` այն պատճառով, որ Սիրիայում հաստատվող ռուսական ավիացիան իր համար իրական սպառնալիք կդառնա, այլ այն, որ միջազգային հարաբերություններում ստեղծվել է նոր պրակտիկա։
Այսինքն, նրա խոսքով, Էրդողանի արձագանքն «արարողակարգային դիվանագիտական» դաշտում է։
«Երկկողմ հարաբերությունների համար այդ աննշան միջադեպը լուրջ հետևանքներ չի ունեցել և վաղուց սպառված է։ Ակնհայտ է, որ իր տեսքով բավականին բուռն արձագանքը հասցեագրվել էր ոչ այնքան ՌԴ-ին, որքան թուրքական հասարակությանը, որին անհրաժեշտ էր ցույց տալ Անկարայի հաստատակամությունը և դրանով իսկ պահել նախագահ Էրդողանի հեղինակությունը, որը քննադատության է ենթարկվում ընդդիմության կողմից։ Հայտարարության մյուս հասցեատերն ԱՄՆ-ն էր, այսինքն` Մոսկվայի հասցեին կտրուկ հայտարարությունները միտված էին ցուցադրելու Անկարայի նվիրվածությունը, դրանով իսկ` հարթելով Վաշինգտոնի հետ սուր տարաձայնությունները։
Քիչ հավանական է, որ Թուրքիան սրի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ այն աստիճանի, որ դա ճգնաժամ առաջացնի երկկողմ հարաբերություններում։ Այդ հարաբերություններում որոշակի սառեցում է նկատվում, բայց ոչ դրանից ավելին։ Այդ հարաբերությունների հետագա բնույթը կախված է լինելու Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումներից և այլ մի շարք գործոններից։ Այս փուլում քիչ հավանական է, որ հարաբերություններն անդրադառնան Կովկասի վրա, ակնհայտ է, որ տարածաշրջանը շարունակում է մնալ «սիրիական ստվերի» ետևում»,- ասաց Կռիլովը։
Մեզ հետ զրույցում թուրք հայտնի վերլուծաբան, քաղաքագետ Չենգիզ Աքթարն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած սեպն իր համար կանխատեսելի էր դեռևս տարիներ առաջ։ Նրա որակմամբ` ռուս-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակն իրական ճգնաժամ է, իրավիճակը բավականին լուրջ է։ «Թուրքիան և Ռուսաստանը շատ լավ օրինակ են նրանց համար, ովքեր անցյալում մտածում էին, որ Պուտինն ու Էրդողանը լավ հարաբերություններ ունեն, տնտեսական նոր պրոյեկտները հեռանկարային են, և այլն։ ՌԴ-ն ու Թուրքիան, իրականում, երբեք նույն ուղղությամբ չեն նայել։ Այս երկու երկրներն իրենց քաղաքական օրակարգով տոտալ տարբեր առաջնահերթություններ են ունեցել տասնամյակներ շարունակ, և այսօր սիրիական զարգացումներում ՌԴ-ի ուղիղ միջամտությամբ այդ օրակարգերն ավելի պարզ են երևում։
Մարդիկ այսօր սկսում են հասկանալ, թե այդ երկրներն ինչ ուղիով են ընթացել և այսօր ինչ ճանապարհ ունեն, սա շատ կարևոր է, մարդիկ պատրանքներով էին ապրում։ Ես անակնկալի չեմ եկել այս իրադարձություններից, նրանք այս տարաձայնությունները միշտ են ունեցել»,- մեկնաբանեց Չ. Աքթարը։ Նրա դիտարկումներով` քանի դեռ ՌԴ-ն Թուրքիայից տարբերվող շահեր ունի` Սիրիայում ռուս-թուրքական ճգնաժամը խորանալու է։ «Ոչ միայն Սիրիա, այլև Կովկաս, Բալկաններ, Ղրիմ, Կիպրոս, ես չգիտեմ` ինչո՞ւ հարաբերությունները պետք է բարելավվեն, չկան այդ նախադրյալները։ ՌԴ-ն ու Թուրքիան պարզ տնտեսական հարաբերություններ ունեին, և վերջակետ, արտաքին քաղաքականության հարցում նրանք չունեն որևէ ընդհանրություն»,- ասաց Աքթարը։ Թուրք վերլուծաբանի համոզմամբ` այս հարցում ռուս-թուրքական ճգնաժամը կանդրադառնա այլ տարածաշրջաններում ռուս-թուրքական շահերի տեղաբաշխման վրա` հանգեցնելով բախումների։
«Չեմ բացառում, որ այդ տարաձայնությունները բոլոր գոտիներում գլուխ բարձրացնեն, այդ թվում` Հարավային Կովկասում, բայց, թե ինչ ուղղությամբ` դժվար է ասել, քանի որ Կովկասը խնդրահարույց տարածաշրջան է, իսկ Թուրքիան ընկղմված է խնդիրների մեջ»,- ասաց Աքթարը։ Վերջինս տեղյակ չէ հայկական օդային տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռների պտույտներից։ Նրա վստահեցմամբ` թուրքական մամուլում չկան այդ մասին տեղեկություններ։