Ինչի՞ կհասնի «Նոր Հայաստանը»
Քաղաքագիտորեն ճիշտ էր, որ օրակարգում դրվեր իշխանության փոփոխության խնդիր, բայց այլ հարց է, որ այս նպատակի շուրջ միավորվել են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք դժվար թե կարողանան շատ մեծ հանրային աջակցության ապավինել։
Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով մեզ հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի որդեգրած ռազմավարության իրատեսականության մասին`ասաց, որ ինքը թերահավատ է, որ ճակատին կհաջողվի իշխանափոխություն իրականացնել։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ, բացի սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելուց, իրենք նաև պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել և արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով տապալել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին։
Հիշեցնենք նաև, որ այս շտաբին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը և Անդրիաս Ղուկասյանը։
«Նոր Հայաստանի» անդամները վստահեցնում են, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցել, սակայն իրենք ոչ են ասում ոչ միայն հանրաքվեին, այլև իշխանություններին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ Պարույր Հայրիկյանը չի մասնակցում այս նախաձեռնությանը, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց, թե ԱԻՄ նախագահը չի ցանկացել լինել նախաձեռնության քաղխորհրդի կազմում. նա կլինի դիտորդի կարգավիճակում։
Մեզ հետ զրույցում ԱԻՄ առաջնորդը, խոսելով այն մասին, թե ինչու իրենք չմիացան այս շտաբին, ասաց. «Այս հայտարարությունը ձգձգվում էր, որովհետև մեր հանրային փրկության ճակատի ներսում ասում էին, որ իրենք ինչ-որ բանակցություններ են վարում, որ երկու ճակատները միանան։ Դե, քանի որ ուրիշների հետ բանակցություններ էին տանում, մենք չէինք խառնվում, ու ահագին ժամանակ փաստորեն կորցրեցինք դրա վրա։
Երբ այս առաջարկը եղավ, մեր մոտեցումն այն էր, որ մենք արդեն կանք, եթե մենք մեր մասին պետք է հայտարարենք, արդեն հայտարարել ենք, այսինքն` իմաստը ո՞րն է։ Երբ առաջարկվեց «Նոր Հայաստան», մեզ այդ անվանումը դուր չէր գալիս, որովհետև Հայաստանը Հայաստան է, ու վերջ։ Մեզ համար ինչ-որ կառույց ստեղծելը նույնպես այդքան տրամաբանական չէր, որովհետև մենք, մեկ է, կայինք` որպես խորհուրդ, և մեզ մոտ ներքին հանդիպման ժամանակ մենք համաձայնության եկանք, որ ԱԻՄ-ը դիտորդի կարգավիճակով հանդես կգա»։
Պ. Հայրիկյանը վստահեցրեց, որ իրենք համագործակցելու են նրանց հետ. «Մենք հավատում ենք, որ, ինչպես` մենք իրենց հետ, այնպես էլ` իրենք մեզ հետ կաշխատեն։ Այն, ինչn իրենք հիմա իբրև նոր բան առաջարկեցին, այդ բոլորը մեր հռչակագրում կար»։
Ս. Սաֆարյանի գնահատմամբ` քաղաքական տեխնոլոգիաների առումով հասկանալի քայլ է արվել, որովհետև հասարակության բոլոր անդամներին չէ, որ հետաքրքրում է սահմանադրական փոփոխությունների թեման։
«Հասարակության մոբիլիզացիայի համար սահմանադրական փոփոխությունների խնդիրը շատ քիչ է, և մեր երկու փորձերը` 1995 և 2005 թվականներին, ցույց տվեցին, որ հասարակությունն ամենևին չի մասնակցում այդ գործընթացին, հետևաբար` այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք փոփոխություններին դեմ են, պետք է օրակարգում մեկ այլ խնդիր էլ մտցնեն` այդ պրոցեսը գլխավորելու համար։ Դրա համար տեսականորեն, քաղաքագիտորեն ճիշտ էր, որ օրակարգում դրվեր իշխանության փոփոխության խնդիր, բայց այլ հարց է, որ, անշուշտ, այս նպատակի շուրջ միավորվել են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք դժվար թե կարողանան շատ մեծ հանրային աջակցության ապավինել»,- նշեց մեր զրուցակիցը, ըստ որի` ժամանակն իրոք կարճ է, ու նաև` նման բան անելու համար ավելի վաղ էր պետք նախապատրաստվել։
Ս. Սաֆարյանը կարծում է` նրանց ինչ-որ մի բան կհաջողվի, բայց ինքը թերահավատ է, որ դա կլինի իշխանության փոփոխություն։
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն էլ կարծում է, որ այդ ուժերը հիմա, այս պահին չունեն այն ռեսուրսը, որ կարողանան իշխանափոխություն անել։ «Այնպես որ, այդ նախաձեռնության անդամները, ավելի լավ կլիներ, որ փորձեին համախմբվել մեկ-երկու այլ նախաձեռնությունների հետ, որոնք արդեն կան, ու նրանց հետ կարողանան հանրաքվեի օրը, մինչև հանրաքվեն` մոբիլիզացնող միջոցառումներ անցկացնել»։
Մեր այն հարցին, թե «Նոր Հայաստան» ճակատի անդամները ճիշտ չե՞ն գնահատել իրենց ուժերը, չե՞ն հաշվարկել, որ իրենց ուժերը չեն բավականացնի իշխանափոխության համար, որ նման նախաձեռնություն են սկսում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Կարծում եմ` իրենց հաշվարկն այն է, որ արդեն նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին և սրանով հայտ են ներկայացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, իսկ հանրաքվեն շատ լավ առիթ է, որ այդ առիթով ցույց տան իրենց նկրտումները, թե ինչպիսի մոդել են ուզում, ինչպիսի քաղաքական համակարգ են իրենք պատկերացնում»։
Ըստ քաղաքագետի` այս ամենն արվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ միավորման մեջ հայտնվել են կառույցներ, որոնք նախորդ ժամանակաշրջաններում ուղղակի պարտվել են. «Եթե նրանք պարտվել են նախորդ անգամները, ապա ինչո՞ւ հիմա պետք է հաջողության հասնեն, առավել ևս, որ ռեսուրսների տեսանկյունից` նրանք այնքան էլ հարուստ չեն»։ Խոսելով այն մասին, թե ինչու են միշտ նման գործընթացներ սկսում` առանց նախապես դրանց լավ պատրաստվելու, Ա. Բադալյանն ասաց, որ, եթե իրենք նման գործընթացներ չսկսեն, լրատվական դաշտի ներկայացուցիչները չեն զանգի փորձագետներին ու նրանց մասին մեկնաբանություններ խնդրի. «Սա ավելի շատ տեղեկատվական առիթ է ծառայում, և` ոչ ավելին»։
«168 ԺԱՄ»