«Գուցե այն, ինչ ես կարդացի, սխալ թարգմանություն էր». Մեթյու Բրայզա

Հարցազրույց ԱՄՆ պետքարտուղարի` Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում` ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզայի հետ

– Պարոն Բրայզա, միջնորդական ջանքերի ձախողման, քաղաքական կամքի բացակայության և տարածաշրջանի լարված ռազմականացման հետևանքով ԼՂ-ն շարունակում է ռազմական գործողությունների թիրախ մնալ։ Ներկայումս խաղաղ բանակցությունները ևս ձախողում են իրավիճակի մեղմման ճանապարհին։ Ինչպես Ձեր նախորդ հարցազրույցներում էիք նշում, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նախագահներին կարող են օգնել բանակցել, բայց նրանք չեն միջամտում, և մենք տեսնում ենք, որ պատահական պատերազմի վտանգն աճում է։ Այս փուլում, ըստ Ձեզ, ի՞նչը կարող է օգտակար լինել կողմերի համար։

– Երկար տարիներ ԱՄՆ պաշտոնյաների ուշադրությունը Հարավային Կովկասից շեղված է եղել։ Իսկ ներկայումս, հակազդելով «Իսլամական պետությանը» ու մտահոգություններ ունենալով դրա շուրջ, Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունում Ռուսաստանը դոմինանտ դիրքեր է ունենալու մի որոշ ժամանակ, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «լավ նորություն չստեղծեն» Մինսկի խմբում։ Այժմ, այնուամենայնիվ, նորությունը վատն է, քանի որ համանախագահները ստիպված են կենտրոնանալ մեղմվող ռազմական լարվածության և սադրիչ հայտարարությունների հակազդման վրա, քան ԼՂ հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունների խթանման վրա։ ԱՄՆ կառավարությունից բարձր մակարդակի ուշադրություն գրավելը կողմերից կպահանջի դրական իմպուլս ԼՂ հակամարտության քաղաքական շրջանակին։ Այդ շրջանակի` «շենքի հիմքի շինարարական բլոկները» վաղուց են համաձայնեցվել 2008թ. վերջին, ինչպես ընդգծված է Մադրիդյան սկզբունքներում։

– Այսինքն` ե՞րբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները կմտածեն ԼՂ հակամարտության գոտում ավելի ներգրավված աշխատանքի մասին։

– Ինչպես առաջարկեցի վերևում, նրանք, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն միայն, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, աշխատելով համանախագահների հետ, դրական իմպուլս հաղորդեն ԼՂ հակամարտության հիմնարար սկզբունքների ամփոփմանը։

– Կոնգրեսականներ Ռոյսն ու Ինգըլը ներկայումս դեսպան Ուորլիքին ուղղված նամակի ստորագրահավաք են կազմակերպել` կոչ անելով ԱՄՆ-ին ու ԵԱՀԿ-ին, հրաժարվել ագրեսիվ գործողություններին պատասխանելու սխալ հավասարության` իրենց ձախողված քաղաքականությունից։ Նամակն ընդգծում է երեք քայլ` շփման գծից հեռացնել բոլոր դիպուկահարներին, ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, ինչպես նաև նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը։ Դեսպան Ուորլիքն արտահայտել է Օբամայի կառավարության աջակցությունը նման միջոցներին։ Ի՞նչ եք կարծում այս նախաձեռնության մասին։

– Երկար տարիներ, վերհիշելով իմ ժամանակը` որպես ԱՄՆ համանախագահ, Մինսկի խումբը քաջալերել է հեռացնել շփման գծից դիպուկահարներին։ Այսպիսով, սա մի բան է, որին ես երկար ժամանակ աջակցել եմ` որպես խաղաղ բնակչության և զինվորների կյանքերը փրկելու ճանապարհ։ Հավելյալ տեխնիկան և ԵԱՀԿ մոնիտորինգները կարող են օգնել հստակեցնել, թե ով է կրակում շփման գծում` դրանով իսկ բարձրացնելով այս միջադեպերի քաղաքական արժեքը, այդ միջադեպերն ի վերջո քաղաքական կապի տեսակ են, թեև` դաժան ու ռազմականացված։ Բայց ես կարծում եմ, որ այդպիսի կրակոցները կդադարեն միայն, երբ ԼՂ հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ լուրջ քննարկում տեղի ունենա։

– Հայաստանը սովորաբար կողմ է արտահայտվում նման միջոցների ներդրմանը հակամարտության գոտում։ Եթե այս նախաձեռնությունը հաջողություն ունենա, և Ադրբեջանը մերժի այն, դա չի՞ նշանակի, որ հրադադարի խախտումների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա։

– Երկու կողմերն էլ ընդունում են 19-րդ դարի պրուսիական ստրատեգ Վոն Կլաուսևիցին, որ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։ Հայաստանի ամենալուրջ մտայնությունն այն է, որ մեկ օր Ադրբեջանը կարող է օգտագործել իր աճող ռազմական ուժը` ԼՂ հակամարտության ելքի վրա ազդելու նպատակով, Երևանը, այնուամենայնիվ, աջակցում է նմանատիպ նախաձեռնություններին` ռազմական ճնշումը մեղմելու նպատակով։ Ադրբեջանի ամենամեծ մտահոգությունը, մյուս կողմից` այն է, որ Հայաստանը կշարունակի կոնսոլիդացնել իր ներկայիս ռազմական դիրքերը մի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է` որպես Ադրբեջանի մաս, և հետո դուրս հանել ՄԽ բանակցություններն անորոշ ժամանակով։ Բաքուն, այնուամենայնիվ, ռազմական լարվածությունը պահպանում է` որպես ճանապարհ ՄԽ բանակցությունների լճացման արժեքը բարձրացնելու համար։

– «Վեստնիկ Կավկազային» տված Ձեր վերջին հարցազրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը` նշել էիք, որ այն Ձեզ համար անակնկալ էր։ Ձեր մեկնաբանությունը շատ քննարկվեց, Ձեզ մեղադրեցին ադրբեջանական կարծիքն այս հակամարտությունում պաշտպանելու մեջ, քանի որ նրանք պնդում են, որ Սարգսյանը որևէ նոր բան չի արտահայտել իր ելույթում, Հայաստանը դիտարկում է ԼՂ-ն` հայկական տարածք` բնակեցված հայերով, իրենց անկախ կառավարությամբ, ինչը նոր չէ հակամարտության պատմության համար։ Ըստ Ձեզ` ի՞նչն էր նոր Սարգսյանի հայտարարության մեջ։

– Հայտարարության այն տարբերակի համաձայն, որը ես տեսել եմ և որին ես արձագանքել եմ, նախագահ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը ճանաչում է ԼՂ-ն` որպես անկախ պետություն։ Գուցե այն, ինչ ես կարդացել եմ, սխալ մեջբերում կամ սխալ թարգմանություն է եղել (ինչը, ցավոք, պատահում է հայկական և ադրբեջանական մամուլում)։ Բայց, եթե նախագահ Սարգսյանի ելույթի էությունն իրապես այն էր, ինչ ես վերևում ասացի, ապա նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը նոր լայն քայլ է դրել. ԼՂ ինքնիշխանության ճանաչում` որպես անկախ երկիր։

Սա կնշանակի` Հայաստանի պաշտոնական քաղաքականության դրամատիկ փոփոխություն, համաձայն որի` Հայաստանը, ինչպես յուրաքանչյուր երկիր, խուսափել է անկախ ԼՂՀ իրավական ճանաչումից։ Ցանկացած ոք, ով չգիտի այս հիմնական կետի մասին, կամ ամոթալիորեն անտեղյակ է, կամ անշնորհք կերպով փորձում է քաղաքականացնել մի պարզ հայտարարության փաստը։ Ցանկացած դեպքում նման անձը չի կարող համարվել «փորձագետ»։

Տեսանյութեր

Լրահոս