Բաժիններ՝

Կառավարության հերթական փուչիկը. ՓՄՁ-ն կրկին հարվածի տակ է

Այս տարի օգոստոսի 31-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սուբսիդավորել բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար սպառած էլեկտրաէներգիայի ծախսը՝ 6.93 դրամ/կՎտժ չափով: Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում, երբ «Դելոիթ և Տուշ» ընկերությունն արդեն ներկայացրել էր էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը, հայտարարվեց, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը դառնում է «Տաշիր» խումբը և Սամվել Կարապետյանը համաձայնել է մեկ տարի աջակցել կառավարությանը՝ սուբսիդավորումը շարունակելու համար: Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոխհատուցում կհատկացվի բնակչության շուրջ 79 %-ի, ինչպես նաև ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար՝ 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը:

«Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Թվում էր, թե կառավարությունը բարի գործ է անում՝ աջակցում է ՓՄՁ-ներին: Սակայն խնդիրն այն է, որ այս ոլորտի հիմնական ներկայացուցիչները էլեկտրաէներգիայի սպառման հարցում չեն հանդիսանում առանձին սուբյեկտներ: Առևտրով զբաղվող ձեռնարկատերերի 85%-ը գործում է շուկաներում և սպառած էլեկտրաէներգայի դիմաց վճարում է շուկայի տիրոջը: Վերջինս էլ՝ որպես խոշոր սպառող, այլևս իրավունք չունի օգտվել սուբսիդավորումից և վճարում է սպառած էլեկտրաէներգիայի ողջ արժեքը: ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում այս իրավիճակը որակեց որպես հերթական խաբեություն:

«Յուրաքանչյուր շուկայում գործում է մոտ 100 մանր ձեռնարկատեր, բայց շուկան համարվում է խոշոր ձեռնարկատեր և խոշոր սպառողների շարքում է, հետևաբար՝ մանրերը պետք է թանկ վճարեն: Անցած ամիս աժիոտաժի ժամանակ ամեն ինչ նորմալ էր, վճարը գանձել էին 42 դրամով, բայց այս ամիս էլցանցը հաշիվ ապրանքագիր է ուղարկել թանկ գնով և այժմ անցած ամսվա տարբերությունն էլ պետք է վճարեն մանր բիզնեսմենները: Ու դա բոլոր շուկաներում է: Այսինքն՝ կառավարությունը չի սուբսիդավորում շուկաներում աշխատող մանր բիզնեսին: Փաստորեն, ստացվում է, որ կառավարության կողմից ՓՄՁ սուբսիդավորումն ուղղակի փուչիկ էր»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ առևտրականները հնարավորություն չունեն գրանցվել որպես էլեկտրաէներգիայի առանձին սպառողներ. «Մենք պատկանում ենք շուկային, վճարում ենք շուկայի տիրոջը, նա էլ խոշոր սպառող է և սա համարվում է մեկ կառույց»:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունն այս ամենից քաջատեղյակ է. «Գաղտնիք չէ, որ այսօր բիզնեսն իրականացվում է շուկաներում, իսկ շուկաները չեն սուբսիդավորվում, հետևաբար՝ փոքր բիզնեսը չի սուբսիդավորվելու: Այսինքն, որտեղ կարող են, փորձում են այդ մասով էժան ազատվել: Հարցն այդ 6-7 դրամը չէ, հարցը խաբված լինելն է, որ, փաստորեն, խոստում տվեցին ու չարեցին: Գոնե այդ մի տարին չարեցին: ՓՄՁ համար 500 կվտ-ի դեպքում խնայողությունը 3000 դրամ կկազմեր: Այնպես չէ, որ սա էական դեր է խաղալու, ուղղակի ՓՄՁ-ն միշտ կառավարության կողմից խաբված է իրեն զգում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս