Նախարարական խոստովանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության վերջին նիստին բավականին տհաճ իրավիճակում հայտնվեց։ Նա ներկայացնում էր ներդրումային քաղաքականության հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը։

Նրա խոսքը բավականին երկար տևեց, ինչին Ճշմարիտյանի գործընկեր-նախարարներն արձագանքեցին բավականին սուր։ Բանը հասավ նրան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնեց Ճշմարիտյանի «թասիբին» և հանդիմանեց «ոգևորվողներին». «Այդ ինչի՞ տենց ոգևորվեցիք։ Լավ բաներ է ասում` դրա՞ համար, թե՞ հավատ չի ներշնչում ասածները։ Ո՞րն է պատճառը։ Ես կարծում եմ` պարոն Ճշմարիտյանի ասածները լիովին հիմնավոր էին։ Եթե որոշ մարդկանց դուր չի գալիս` դա իրենց ներքին և արտաքին պրոբլեմն է»։

Իրականում այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Սա ընդամենը րոպեական թուլություն է եղել, երբ կառավարության անդամները չեն կարողացել իրենց զսպել և թաքցնել իրենց մտածածը։ Թե՛ էկոնոմիկայի նախարարը, թե՛ մյուս նախարարները լավ գիտեն` որն է ոգևորության պատճառը։ Այն, որ նման երկար-բարակ, բարդ ու գեղեցիկ բառերով համեմված տեքստերն իրականում ոչ մի խնդիր չեն լուծում։ Ու նրանք ակամայից տվեցին լավագույն ու ամենաանկեղծ գնահատականը նման «լոլոներին»` ծիծաղ։

Լավ, եկեք մի երկու բառով հասկանանք` ինչ է այս հայեցակարգը, և ինչու է այն ընդունվում։

Նախագծի մեջ նախ` մեզ հիշեցնում են, որ վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումները, դրսևորել են տատանողական դինամիկա, մասնավորապես` մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009 թվականի ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսևորվեց անկայուն դինամիկա։ Իհարկե, «անկայուն դինամիկան» մեղմ է ասված, 2015 թվականին ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների խայտառակ անկում։

Սակայն ո՞րն է այս ձախողումների և «անկայունության» պատճառը։ Պարզվում է` պատճառը թղթի, կամ, ինչպես սիրում են ասել մեր նախարարները` տեսլականի բացակայությունն է։

Փաստաթղթի մեջ նշվում է, որ ՀՀ-ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի։

«Միևնույն ժամանակ տարբեր ռազմավարական փաստաթղթերում գործնականում գրեթե անդրադարձ չի կատարվել ներդրումային քաղաքականությանը և ներդրումային միջավայրին»,- նշվում է հիմնավորման մեջ։

Ու հետո գալիս է արդեն եզրակացությունը. «Այս պայմաններում ներդրումների, և հատկապես` ՕՈՒՆ-ի ավելացումը, ներդրումային գործունեության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավումն ապահովելու նպատակով խիստ կարևորվում է և անհրաժեշտ է համապատասխան տեսլականի և հստակ գործողությունների ծրագրի առկայություն, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ հստակ պատկերացում ներդրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծումների և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որի միջոցառումների ծրագիրը հիմք է հանդիսանալու փուլ առ փուլ լուծելու վերոնշյալ խնդիրները` համապատասխան ռազմավարությունների և միջոցառումների իրականացման միջոցով»։

Իսկ կոնկրետ ի՞նչ է տալու այս հայեցակարգը ու դրանից բխող միջոցառումները։ Կարճ ձևակերպելու դեպքում` փայլուն ապագա։ «Նախատեսված միջոցառումները կնպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին` կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացման ապահովմանը»։

Ենթադրում ենք, որ հատկապես այս մասն է նախարարների ծիծաղը հարուցել։ Հատկապես այն նախարարների, ովքեր ավելի լավ են պատկերացնում տնտեսությունը, ավելի լավ գիտեն նման հայեցակարգերի ու ռազմավարությունների իրական արժեքը, խնդիրների իրական պատճառներն ու Կարեն Ճշմարիտյանի գործունեության արդյունքները։

Սա պարզ ինքնախոստովանություն է, որ կառավարությունն ինքն իր ասածներին ու իր ծրագրերին չի հավատում։ Որքան էլ Հ. Աբրահամյանը հետո փորձեր դա շտկել, կիքսն արդեն կատարված է` կառավարությունը «վառված է»։

Ի դեպ, նույն Կարեն Ճշմարիտյանը 2000-ականների կեսերին` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, նույնպիսի ոգևորությամբ խոսում էր փայլուն ներդրումային ապագայի մասին` երբ Doing Business զեկույցում մի քանի կետով առաջ էինք գնում։

Այսօր ոչինչ չի փոխվել։ Ներդրումներն աղետալի վիճակում են, իսկ մենք ուրախանում ենք՝ տարբեր զեկույցներում մի քանի կետով առաջադիմելով, և հույսեր կապում գեղեցիկ անուններով ծրագրերի հետ։

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարի համար հինգշաբթի օրն այդքան էլ հաջող չդասավորվեց։ Երեկոյան նրա անունը, ոչ դրական լույսի ներքո, սկսեց քննարկվել սոցիալական ցանցերում։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ քաղաքացիները տնտեսական աճն իրենց մաշկի վրա չեն զգում, Ճշմարիտյանը պատասխանել էր. «Ինչպե՞ս կարող է մարդն իր մաշկի վրա չզգալ, երբ 1500 մարդ Թեղուտում աշխատում է։ Եվ եթե եկամուտների ավելացմամբ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում ազդեցությունը, ուրեմն… այդտեղ մենք մաշկի հետ խնդիր ունենք»։

Բավականին կոպիտ պատասխան էր, դրա համար էլ զարմանալի չէր սոցցանցերի օգտատերերի զայրույթն ու գործածած բառապաշարն այս խոսքերի կապակցությամբ։ Ինչ խոսք, Կարեն Ճշմարիտյանը բավականին կիրթ և հավասարակշռված անձնավորություն է, և դժվար է հիշել դեպք, երբ նա այսպիսի կոպիտ արտահայտություն արած լինի։ Ըստ երևույթին, դեր է խաղացել առավոտյան կառավարությունում տեղի ունեցածը, և նախարարը, ժողովրդի լեզվով ասած, հերսը թափել է այլոց վրա։

Սակայն, եթե այդպես է, ապա` իզուր. մեծ հաշվով Կարեն Ճշմարիտյանը վրդովվելու պատճառ չունի։ Նախարարներն իրականում իր կամ իր ներկայացրած տեքստի վրա չէին ծիծաղում։ Նրանք ծիծաղում էին ժողովրդի վրա, որին կարելի է խաբել նման հայեցակարգերով ու կերակրել նկարված ցուցանիշներով։

Տեսանյութեր

Լրահոս