Շառլ Ազնավուրը Հայաստանում է
Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ երեկ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ով մեկ բացառիկ համերգով՝ հոկտեմբերի 10-ին հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
91-ամյա շանսոնյեն Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ: Լեգենդար երգիչը Հայաստանում կմնա մինչև հոկտեմբերի 11-ը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնից 168.am-ի թղթակցին հայտնեցին, որ բացի համերգային ծրագրից այս պահին երգչի մասնակցությամբ այլ հանդիպում կամ միջոցառում չի նախատեսվում:
Հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։