Թուրք-ադրբեջանական նվեր Հայաստանին
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս: «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,- ասել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական աճը կկազմի 4-5.5 տոկոս:
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին:
«Եթե Սիրիայում գործող ռուսական օդուժը շարունակի խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա կարող է լրջորեն ազդել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով,- Ռուսաստանի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն:
Բայց եթե Ռուսաստանը Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի, մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի»:
Առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապ չունեցող այս իրադարձությունները Հայաստանի համար ունեն մեկ ընդհանրություն, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել՝ որպես բացառիկ հնարավորություն: Արևմուտքի հետ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո Իրանի տնտեսությունը և, ոչ միայն՝ տնտեսությունը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու:
Խոսքը մեր անմիջական հարևանի մասին է, որը Հայաստանը շարունակում է համարել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ որպես տարանցիկ երկիր: Մեր մյուս հարևանը՝ Ադրբեջանը, որն իրականում թշնամի է՝ օր օրի մեկուսանում է աշխարհից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ մյուս հարևանը, որը մեր թշնամու բարեկամն է, խրվում է սիրիական պատերազմում, բայց, որ ավելի կարևոր է՝ սպառնում է փչացնել հարաբերությունները մեր «տիտղոսային բարեկամի»՝ Ռուսաստանի հետ, որը սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ներկայումս դաշնակցում է ադրբեջանաթուրքական դաշինքի հետ:
Դա ոչ թե Հայաստանի դեմ դաշինք է, այլ դաշինք, որի համագործակցությունից տուժելու են նաև Հայաստանն ու Ղարաբաղը: Եվ ահա, այդ դաշինքի անդամներից մեկին Եվրոպան ուղարկում է գրողի ծոցը, մյուսը սպառնում է բարեկամությունը Ռուսաստանի հետ փոխարինել թշնամությամբ: Ավելի նպաստավոր իրավիճակ Հայաստանի համար դժվար է նույնիսկ պատկերացնել: Այս պայմաններում, գոնե նվազագույն չափով ինքնիշխանություն դրսևորելու և նախաձեռնողականություն ցուցաբերելու ու դրանով համապատասխան աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինտենսիվ աշխատելու դեպքում՝ Հայաստանը կարող է շահած դուրս գալ ոչ միայն՝ սեփական դիրքերն ամրապնդելով, այլ նաև՝ շոշափելի առաջընթաց արձանագրելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դիրքավորվելու հարցում:
Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունը, ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ քաղաքական էլիտան, գիտակցո՞ւմ է ստեղծված բացառիկ հնարավորությունը և դա օգտագործելու կենսական անհրաժեշտությունը: Դատելով նրանից՝ ինչով է զբաղված այդ էլիտան այսօր, հազիվ թե Զարուհի Փոստանջյանը բղավում է Գալուստ Սահակյանի վրա, վերջինս շտապօգնություն է կանչում պատգամավորի համար, իշխանությունն «այո» է ասում, ընդդիմությունը՝ ԱԺ դարպասներին պաստառ է փակցնում… Հայաստանում ամենաարագ աճող երևույթը ոչ ադեկվատությունն է: Դա հասել է այն աստիճանի, որ պետությանն ընձեռված հնարավորությունները կարող է դարձնել պետականությունը կործանելու սպառնալիք: