Ուորլիքը սատարում է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, դիտորդներ ավելացնելու կոնգրեսականների կոչին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և մեկ այլ կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը։
asbarez.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպան Ուորլիքը բացատրել է.
«Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար: Մենք կողմերին բարձրաձայնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և կշարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման»,- ասել է Ուորլիքը։
Ռոյսը և Էնգելն այժմ Կոնգրեսում ստորագրահավաք են սկսել դեսպան Ուորլիքին ուղղված նամակի համար։ Այն պարունակում է երեք կոնկրետ քայլ, որոնք կարող են խաղաղության հաստատման հանգեցնել՝ դիպուկահարների հեռացում շփման գծից, ԵԱՀԿ մշտադիտարկման, կրակոցների վայրի գրանցման համակարգերի տեղակայում՝ հարձակման աղբյուրները պարզելու համար, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով։