
Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Բուլղարիայի դեմ խաղին

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը, որը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը: Հավաքականը հանգրվանել է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Թիմը Բուլղարիա կմեկնի հոկտեմբերի 7-ի առավոտյան: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կողմից նախապես հրավիրված 23 ֆուտբոլիստներից, փաստաթղթային խնդիրների պատճառով, հավաքականին չի միանա լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը: Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Միրանյանը և Իվան Մամախանովը հավաքականին կմիանան հոկտեմբերի 6-ի առավոտյան: Մնացած 19 ֆուտբոլիստներն արդեն հավաքականի ճամբարում են և սկսել են նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին:
Սիրարփի Աղաբաբյան