Հայաստանը՝ նոր ու ճակատագրական «կամ-կամ»-ի առաջ

Այսպիսով, ինչպես և սպասվում էր, խորհրդարանը 104 կողմ, 10 դեմ ձայներով ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի սկզբին ներկայացվելու է հանրաքվեի: Անկախ նրանից՝ որն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իշխանության իրական նպատակը. վերարտադրությո՞ւնը, ինչպես վախեցնում են ընդդիմադիրները, թե՞ ժողովրդավարացումը, ինչպես վստահեցնում են իշխանությունները, այսպիսով Հայաստանը թևակոխում է նոր փուլ՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների նոր հարթություն, որը կարող է ինչպես՝ ընձեռել երկիրն իսկապես որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորություններ, այնպես էլ՝ առաջ բերել նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ:

Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները հայտարարեն իշխանության վերարտադրության ու քաղաքական մենաշնորհի հաստատման մասին, իրականում այս փոփոխությունները՝ գոնե դրանց, այսպես ասած, տեքստային առումով, բավական մեծ հնարավորություններ են ընձեռում իշխանության ապակենտրոնացման, որոշումների կայացման կոլեգիալության սկզբունքի ամրագրման, ընդդիմության դերի որոշակի բարձրացման և մի շարք այլ կարևոր առումներով, որոնք հանրագումարում հանգեցնելու են Հայաստանի ժողովրդավարացմանը ու քաղաքական մշակույթի կատարելագործմանը:

Սակայն այլ բան է պայծառ ապագա խոստացող տեքստը, բոլորովին այլ բան է դրա իրագործումը կյանքում: Գործող Սահմանադրությունը՝ իր բազմաթիվ թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, այսպես ասենք, այնքան վատ սահմանադրություն չէ, որքան այն իրագործվում է, իսկ, որ ավելի ճիշտ է՝ ոտնահարվում է կյանքում: Այսինքն՝ կրկին հանգում ենք լավ օրենքի, տվյալ դեպքում՝ Սահմանադրության ու դրա կենսագործման հակասության առջև: Ցանկացած լավ գրված սահմանադրություն կարող է պատուհաս դառնալ պետության համար, եթե գործնականում այն ոչ միայն չի պահպանվում, այլև դառնում է ամենաշատը ոտնահարվող ու խախտվող փաստաթուղթը:

Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար, եթե դրա ընդունմանը զուգահեռ կամ դրանից առաջ՝ բարեփոխվեն, վերափոխվեն սահմանադրության «սուբյեկտները»՝ իշխանությունները՝ առաջին հերթին, և քաղաքական համակարգը՝ ընդհանուր առմամբ:

Իրականում մեր կուսակցությունների մեծամասնությունը, այդ թվում՝ նաև ընդդիմադիր ուժերը, իրենց ներքին բովանդակությամբ, ներքին հարաբերությունների որակով չեն տարբերվում, երբեմն բացասական իմաստով նույնիսկ «գերազանցում» են իշխանությանը՝ ՀՀԿ-ին: Խոսքն առաջին հերթին՝ ներքին ժողովրդավարության բացակայության, առաջնորդների՝ անձի պաշտամունքի հասնող գերիշխանության, որոշումների կայացման մենիշխանության մասին է: Այս և բազմաթիվ այլ երևույթներ բնորոշ են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցություններին, անգամ նրանց, ովքեր հանդես են գալիս եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանն ու ազատականությանը հավատարմության երդումներով:

Խորհրդարանական կառավարման համակարգը ժամանակի մեջ քաղաքական համակարգի այս արատները վերացնելու և իսկապես ժողովրդավարական հարաբերություններ հաստատելու հնարավորություններ պարունակում է: Մյուս կողմից՝ այն վտանգավոր և շատ ավելի բացասական կարող է դառնալ այն դեպքում, երբ իրական փոփոխությունները փոխարինվեն պսևդոփոփոխություններով, կոսմետիկ վերափոխումներով՝ պահպանելով ու ավելի խորացնելով այն ախտերը, որոնցով հիվանդ են մեր բոլոր իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական համակարգը՝ ամբողջությամբ: Որոնց արդյունքում և որոնց պատճառով հիվանդ է նաև հասարակությունն ու պետությունը, վերջին հաշվով:

Սահմանադրական փոփոխություններն իրականում ընտրություն են Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի համար: Ընտրություն ոչ այնքան՝ «այո»-ի ու «ոչ»-ի, որքան՝ բուժվելու կամ հիվանդության շարունակվելու ու, Աստված մի արասցե, մահկանացու կնքելու միջև: Սա հերթական, գուցե ամենաճակատագրական «կամ-կամ»-ն է, որից կախված է Հայաստանի ապագան:

Տեսանյութեր

Լրահոս