«Այնքան բացթողումներ կան մեր երկրում, որ Արմենչիկի Վաստակավորի կոչումը չպետք է դառնա երկրի թիվ մեկ թեման»
Երեկ LOFT-ում երիտասարդների հետ հանդիպման էին եկել ավանգարդ-ֆոլկ ոճում ստեղծագործող, մուլտի գործիքավորող, աշխարհահռչակ «Armenian Navi Band» խմբի ղեկավար, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը: Վերջինս նաև երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակն է՝ Սերժ Թանկյանի հետ համատեղ:
2006-ին «Armenian Navi Band»-ի հետ Արտո Թունչբոյաջյանն արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակի։ Մրցանակի արժանացել է նաև թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, որին ճանաչում ենք դեռևս «Armenian navi band», ինչպես նաև՝ «Կատուներ» խմբերից: Արտոյի և Արտյոմի հետ հանդիպմանը ներկա էր նաև դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Հովսեփյանը: Ի դեպ, մի քանի օր է, ինչ Արտոյի, Արտյոմի և Վարդանի ստեղծած «Տրիոն» ելույթներ է ունենում Երևանի հայտնի ակումբներից մեկում: Զրույցի սկզբում Արտյոմն անդրադարձավ Սթիվի Ուանդերի հետ իր ելույթին և դրանից հետո տարածված լուրերին: «Նախ՝ ուզում եմ միանգամից ճշգրտում մտցնել Սթիվի Ուանդերի հետ իմ ելույթի շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ: Նման բան չկար: Սթիվին ուղղակի այդ օրը եկել էր սուրճ խմելու՝ այն նույն սրճարանում, որտեղ մենք նվագում ենք Վարդանի հետ: Ուղղակի Սթիվի Ուանդերն ուզեց նվագել մեզ հետ, և մենք նվագեցինք: Դա հատուկ պլանավորած ելույթ չի եղել: Պարզապես շատ անակնկալ և հաճելի պատահականություն: Դրանից հետո սկսեցին գրել, թե մենք համագործակցում ենք, և այլն…Սակայն ցավոք, նման բան չկա»,- պարզաբանեց Արտյոմը, ով հինգ տարի առաջ մեկնել էր Լոս Անջելես, որտեղ և ստեղծագործում է:
Հարցին, թե ի՞նչն է կարևորը խմբում աշխատելու համար, դաշնակահար Վարդան Հովսեփյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք լինել մաքսիմալ ազատ, ինչն ամենակարևորն է մեր տրիոյի համար: Մեզանից յուրաքանչյուրը երաժշտությունը զգում է յուրովի, իր ներաշխարհով, երաժշտության իր ընկալմամբ, բայց, միևնույն ժամանակ, նվագելիս՝ մենք ամբողջություն ենք կազմում»:
Երաժշտական մրցանակների վերաբերյալ խոսելիս՝ Արտո Թունչբոյաջյանը նշեց. «Արվեստի մեջ չկա շահել-չշահել հասկացողություն: Սա սպորտ չէ: Կարևորը մարդն է և իր միտքը: Եթե պիտի ստեղծագործես ինչ-որ մրցանակների արժանանալու համար, ավելի լավ է չզբաղվել դրանով, առհասարակ»:
Հարցին, թե ինչպե՞ս են որոշել երեքով համագործակցել, Արտյոմ Մանուկյանը պատասխանեց. «Տրիոն ստեղծվեց 3 տարի առաջ: Ես արդեն տեղափոխվել էի Լոս Անջելես և նվագում էի Վարդանի հետ, և Արտոն ևս Նյու Յորքում էր: Հանդիպելով, զրուցելով՝ որոշեցինք համագործակցել: Ձայնագրել ենք ձայնասկավառակ՝ Լոս Անջելեսում: Նվագել ենք Լոս Անջելեսում, Բեռլինում, և հիմա արդեն Հայաստանում ենք»:
Մեր հարցին թե ինչո՞ւ, օրինակ, «Armenian Navi Band»-ի կամ այսօր արդեն նաև «Տրիո»-ի ներկայացրած երաժշտությունը կարող ենք լսել միայն ակումբներում: Եվ արդյո՞ք նմանօրինակ երաժշտության հանդիսատեսի թիվը չի բավարարում, օրինակ՝ Մարզահամերգային համալիրում համերգ կազմակերպելու համար, Արտո Թունչբոյաջյանը պատասխանեց.
«Մեզ համար էական չէ, թե որտեղ ենք նվագում: Մենք կարող ենք ուր ասես նվագել, թեկուզ՝ զուգարանում: Անգամ, եթե մի հոգի է դահլիճում, մենք նվագում ենք հենց նրա համար այնպես, ինչպես կնվագեինք, եթե դահլիճում 10.000 հոգի լիներ նստած: Մեզ համար կարևոր է նվագելիս կիսվել՝ մեզ լսող հանդիսատեսի հետ, մեր երաժշտության ասելիքով: Եթե դահլիճում հավաքված գոնե մեկ հոգու խորքում տեղ գտնի մեր ասելիքը, ինչ-որ մի բան փոխի կամ ավելացնի նրա աշխարհայացքում, ուրեմն իզուր չենք բարձրացել բեմ: Երաժշտությունը միտք է: Եվ այդ միտքը ժամանակ է պահանջում՝ տեղ գտնելու համար բոլորի սրտում»:
Անդրադարձ եղավ նաև Արմենչիկին Վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում Արմենչիկի՝ վաստակավորի կոչմանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը պատասխանեց. «Շատ լավ մարդ է Արմենչիկը: Սիրե՞լ նրա երաժշտությունը, թե՞ չսիրել, արդեն մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն է: Մի քանի օր առաջ ընկերներից մեկը կատակով ասաց, որ Արմենչիկին Վաստակավորի կոչում են տվել, քանի որ շատ լավ է վաստակում: Միգուցեև ճի՞շտ է: «Նոկիա» թատրոնում Թոնի Բրեքստոնի և Լեդի Գագայի ֆոտոների կողքին մեր Արմենչիկի նկարն է դրված: Միգուցե նաև դրա համար է նա Վաստակավոր արտիստ կոչվում:
Ամեն դեպքում ինձ թվում է՝ սխալ էր նրան Վաստակավորի կոչում տալը: Բայց ես, ապրելով Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է 1 մլն 500.000 միլիոն հայ, վստահ եմ, որ 1 մլն 475.000-ը կարծում է, որ ես սխալ եմ: Արմենչիկին ու նրա երգերը շատ են սիրում ԱՄՆ-ում: Բայց հաստատ Արմենչիկի կոչումը չէ այսօր Հայաստանի «գերխնդիրը»: 90-ականներից սկսած այդքան բացթողումներ կան մեր երկրում, որտեղ շտկումներ և լուրջ մոտեցումներ են անհրաժեշտ, որ Վաստակավորի կոչումը չպետք է դառնա երկրի թիվ մեկ թեման: Ինձ համար հայ կինոյի վիճակն է շատ ցավոտ, ուսման մակարդակն էլ առանձնապես գովելի չէ: Այնպես որ՝ պետք չէ զարմանալ, որ հենց Արմենչիկն է Վաստակավոր, չնայած որ վերջինիս հետ շատ մոտ եմ, քանի որ նա արտակարգ անձնավորություն է»: