Բաղրամյան պողոտայում ակցիայի օրը հարուցված քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը վերացվել է

Հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունցած դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի որոշումը: Ցուցում է տրվել շարունակել քրեական գործի նախաքննությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական:

Նշենք, որ քրեական գործ էր հարուցվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ խուլիգանություն:

Դատախազի որոշման համաձայն՝ «Լրատվության միջոցի հաղորդման ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2015թ. հունիսի 22-ին՝ սկսած ժամը 19։30-ից, տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական  հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են  հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս