Ծեծված ազատամարտիկը ներկայացրեց իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը. «Քեզ ասում եմ՝ յան տուր, գնա նստի տունդ, թե չէ…»
Այսօր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ում սեպտեմբերի 21-ին ծեծի էին ենթարկել, ներկայացրեց իր և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը, ըստ որի՝ վերջինս սպառնացել է ազատամարտիկին՝ քաղաքական գործունեությամբ չզբաղվել:
Հիշեցնենք, որ, երբ ազատամարտիկին սեպտեմբերի 21-ին ծեծի էին ենթարկել, նա հայտարարել էր, որ ինքն իրեն ծեծողներից ճանաչել է Տիգրան անունով մի մարդու, ով Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել: Մեկ օր հետո՝ լրագրողների հետ զրույցում, ազատամարտիկը, սակայն, հորդորել էր լրագրողներին՝ «այդ մարդուն» (Ռուբեն Հայրապետյանին) հանգիստ թողնել, քանի որ իրենց միջև խոսակցությունը եղել է դեպքից 3 ամիս առաջ:
Այսօր, սակայն, ազատամարտիկը համոզված է, որ իր հետ փորձել են քաղաքական հաշվեհարդար տեսնել, որի հովանավորը, ըստ նրա՝ հենց Ռուբեն Հայրապետյանն է եղել:
Նրա տեղեկացմամբ՝ հունիսի 23-ին՝ «Բաղրամյանի ջրցանի» օրը, եղել է հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի և ազատամարտիկի միջև.
«Սմբատ- Մի քանի անգամ զանգել էիր, հո բան չի՞ եղել։
Ռուբեն- Քեզ ասում եմ՝ յան տուր, գնա նստի տունդ, թե չէ վաղը հետդ ուրիշ մարդիկ ուրիշ ձևով կխոսեն:
Սմբատ- Եթե որևէ մեկը կփորձի այս հարցում ինձ հետ ուրիշ ձև խոսի, ուրիշ ձևի պատասխան կստանա…»:
Ազատամարտիկի խոսքով՝ սա իր անձի և իրենց տեսակի հանդեպ քաղաքական մահափորձ էր:
168.am-ի հարցին՝ չկա՞ այդ խոսակցության ձայնագրությունը, նա պատասխանեց՝ կա ձայնագրությունը, բայց ինքը հիմա սղագրությունն է նպատակահարմար գտել ցույց տալ: Նա նաև տեղեկացրեց, որ այդ ձայնագրությունը կցված չէ այն քրեական գործին, որը հարուցվել է ազատամարտիկին ծեծի ենթարկելու համար. «Դա իմ անձնական կապերով եմ ես ձեռք բերել ու չեմ պարտավորվում և չեմ պատրաստվում բացահայտել, թե որտեղից է դա»:
Մեր հարցին՝ եթե այս հայտարարությունից հետո Ռուբեն Հայրապետյանը մեղադրանք ներկայացնի Ձեր դեմ՝ զրպարտության համար, Դուք կներկայացնե՞ք ձայնագրությունը, նա պատասխանեց, թե իր բոլոր խոսքերը հիմնավոր են, ու ինքը կարող է հիմնավորել դրանք ու ներկայացնել ձայնագրությունը:
Նա նաև հայտարարեց, որ, եթե այսօրվանից իշխանությունները չբացահայտեն ու պատժամիջոցներ չկիրառեն այն անձանց նկատամամբ, ովքեր իրեն ծեծի են ենթարկել, դա կնշանակի, որ իրենք են դրա հովանավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: