Բաժիններ՝

Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վերցնելու դեպքում չեն սահմանափակվի որոշ իրավունքներ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրատվամիջոցներում հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու, վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ այն պահելու և հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես վերադարձնելու օրենքով սահմանված կարգը ակտիվ քննարկումների թեմա է դարձել:

Մտահոգություն է հայտնվել, որ անձնագիրը վերցնելու դեպքում կսահմանափակվեն որոշ իրավունքներ (օրինակ, բանկային գործարքներ կատարելը), նշված առումով մտահոգությունը անհիմն է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ տրված են համապատասխան լուծումներ:

Մասնավորապես՝ 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգ, որի նպատակներից մեկը հանդիսանում է նաև այն, որ Հանրապետությունից դուրս գալու սահմանափակում կիրառված լինելու դեպքում անձը հավաստող փաստաթուղթ ունենալու իրավունքն ապահովելու նպատակով քաղաքացուն տրամադրվի նույնականացման քարտ: «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով կասկածյալի կամ մեղադրյալի նույնականացման քարտը վերցնելու վերաբերյալ դրույթ նախատեսված չէ:

Այսինքն, այն համարվելով ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար, լիարժեք ստեղծում է բոլոր հնարավարությունները ՀՀ տարածքում ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքները իրացնելու համար այն դեպքերում, երբ պահանջվում է անձը հավաստող փաստաթուղթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս