Մանկավարժական բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ. Ա.Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ներառական կրթության խնդիրը վերջերս կրկին հանրային քննարկումների օրակարգ է մտել.

«Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի ներառական կրթությունը համապատասխանի յուրաքանչյուր երեխայի իրավունքին:

Նախապատրաստել ենք գործողությունների ազգային ծրագիր, համաձայն որի՝ 2025 թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է ունենան ներառական կրթություն կազմակերպելու կարողություն: Պետությունը այսպիսի քաղաքական կամք է դրսևորել և որևէ ֆինանսական կամ կազմակերպական խնդիր խոչընդոտ չի կարող հանդիսանալ, մեր խնդիրները ունեցող երեխաների ապագայի համար: Կրթությունն է այն բացառիկ գործիքը, որի միջոցով հնարավոր է հազարավոր երեխաների հասարակություն վերադարձնել որպես լիարժեք մարդ: Կրթությունն այն բանալին է, որը կարող է դուռ բացել դեպի ավելի լավ ապագա այդ երեխաների համար»,- նշել է նախարարը և հավելել, որ ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի հաջողությունը հավելյալ ուժ է՝ հավատալու այս կարևոր բարեփոխման հաջողությանը:

Նախարարի խոսքով, համընդհանուր ներառականության գաղափարախոսությունը և բարեփոխումը ողջ հասարակությանն է անհրաժեշտ. «Դա նախևառաջ մեզ է հարկավոր, քան այն երեխաներին, ովքեր դառնալու են այդ բարեփոխման ուղղակի շահառուները: Այն բարոյահահոգեբանական փոփոխությունները, որոնք անդառնալիորեն կատարվում են համընդհանուր ներառականության անցմամբ, նախևառաջ բարիացնում է հասարակությանը:

Միայն ֆորմալ իմաստով է այդ համակարգը կոչված երեխային հասարակություն վերադարձնելու համար, բովանդակային իմաստով ներառական կրթության համակարգը բոլոր մարդկանց ավելի բարի ու համերաշխ դարձնելու արդյունավետ գործիքներից մեկն է:

Համընդհանուր ներառականության բարեփոխումը հնարավոր չէ իրականացնել առանց հանրային աջակցության, որը մենք այսօր զգում ենք ՀԿ-ների ու ԶԼՄ-ների մեկնաբանություններից: Մենք զգում ենք հանրային կառույցների, ծնողական հանրույթի, քաղաքացիական ինստիտուտների աջակցությունը»,- շեշտել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ ռեֆորմի հաջողվածության կարևոր պայմանը մանկավարժական կրթության զարգացումն է: Նախարարն ընդգծել է, որ մանկավարժական ուղղվածության բուհերն ի սկզբանե պետք է ներդնեն ներառական կրթության համակարգ և պատրաստեն հենց այդ ուղղությամբ մասնագետներ:

Գիտաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը, միջազգային կառույցների, օտարերկրյա դեսպանատների, հանրային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ և օտարերկրյա հյուրեր:

Տեսանյութեր

Լրահոս