2015թ. մոտ 2000 ընտանեկան բռնության դեպք է գրանցվել կազմակերպությունների կողմից

Այսօր տեղի ունեցավ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված քննարկում, որի մասնակից՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է հենց հոկտեմբերի մեկն ընտրվել Ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ազգային օր:

«5 տարի առաջ այս օրը 19-ամյա Զարուհի Պետրոսյանը, ով ամուսնացած էր ու մայրացած, սպանվեց ամուսնու կողմից: Դա, իհարկե, Հայաստանում առաջին դեպքը չէր, բայց առաջին դեպքն էր, որ հասարակությանը ցնցեց թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և մենք ցանկացանք այդ օրը նշել, որովհետև մեր կոալիցիայի միասնական պայքարը հենց այդ օրը սկսվեց: 7 կազմակերպություններով տեսանք, որ մի բան պետք է անել, որովհետև արդեն շատ վատ է դառնում իրավիճակը, և համախմբվելով Զարուհու դեպքի շուրջ՝ այդ օրվանից հիմնեցինք կոալիցիան, որ մինչև այսօր պայքարում է ընտանեկան բռնության դեմ»,- պարզաբանեց նա:

Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը նշեց, որ, եթե ոլորտում չլիներ, միգուցե կասկածեր, թե ինչքանո՞վ է այդ խնդիրը մեզ համար կարևոր, բայց քանի որ արդեն երկար տարիներ այդ ոլորտում է, կարող է համոզված ասել, որ Հայաստանի համար ընտանեկան բռնությունը, հատկապես՝ կանանց նկատմամբ, բավականին տարածված երևույթ է. «2013-15թթ. մեր կոալիցիայի 3 կազմակերպության թեժ գծով գրանցվել է 5171 առաջնային զանգ, այսինքն՝ այն զանգերը, որոնք առաջին անգամ են արվում: Սա բավականին մեծ թիվ է: 2010-15թթ. Ոստիկանության տվյալներով՝ ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 30 կին, և մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի: Մեր թեժ գծերը չեն դադարում աշխատել, դրանցով բավականին շատ զանգեր ենք ունենում, ինչը ոչ թե բռնությունների թվի աճի մասին է խոսում, այլ՝ կանայք սկսել են հետաքրքրվել իրենց իրավունքներով և հոգալ իրենց մասին»:

«Հասարակություն՝ առանց բռնության» հ/կ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը նկատեց՝ 2015թ. մոտ 2000 բռնության դեպք է գրանցվել կազմակերպությունների կողմից. «Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ շատ դեպքեր չեն գրանցվում, չեն բարձրաձայնվում, և հատկապես տարբեր մարզերի կանայք բավականին խոցելի են: Սա նշանակում է, որ այդ 2000-ն այն կանանց թիվն է, ովքեր բարձրաձայնել են խնդրի մասին: Ոստիկանության տվյալներով՝ 447 դեպք է, որը մեր տվյալների հետ համեմատելիս՝ կհասկանանք՝ այդ բոլոր դեպքերի ինչքան քիչ մասն է հայտնվում Ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ոստիկանությանը չդիմելու պատճառներից մեկը գուցե օրենքի ու համապատասխան իրավական կարգավորման բացակայությունն է: Քանի որ շատ դեպքերում ոստիկանները կարող են 72 ժամով հեռացնել ամուսնուն, եթե լուրջ վնասվածքներ են տեսնում, բայց ավելին անել չեն կարող, քանի որ օրենքը բացակայում է: Օրենքի նախագծում նշված էր, որ նման դեպքում ամուսնուն պետք է հեռացնել ընտանիքից մոտ 10 օրով, բայց օրենքը մերժելիս՝ սա հակասահմանադրական համարվեց, քանի որ մարդ չի կարող իր իսկ սեփական տնից հեռացվել: Եթե օրենքը լիներ՝ բռնությունները կկանխարգելվեին, համապատասխան ծառայություններ կմատուցվեին, նաև այն դեպքերը, որ, օրինակ, Քրեական օրենսգրքով չեն կարող քննվել, հենց Ընտանեկան բռնության մասին օրենքով կքննվեին»:

Կարդացեք նաև

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ «Բռնությունների մասին» օրենքի այս նախագիծը 2011թ. մերժվել է այն հիմնավորմամբ, որ Եվրոպայի կոնվենցիային չի համապատասխանեցվել, և հիմա հ/կ-ների կողմից շրջանառվող նոր օրինագիծը ոչ թե անտեսվում է, այլ պարզապես հիմնավորումն այսպիսին է՝ նախ՝ մենք պետք է որոշակիորեն համապատասխանեցնենք օրենքը և՛ Քրեական դատավարության օրենսգրքին, և՛ Վարչական իրավախախտումների, և, առհասարակ, մեր իրավական ակտերին, որպեսզի որևէ հակասություն չլինի. «Ի վերջո՝ ի՞նչ է լուծում օրենքը. երեք հարց՝ կանխարգելում, տուժողի իրավունքների պաշտպանություն, պատժիչ միջոցներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս