Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առանձնանում է նաև սոցիալական բաղադրիչով: Այս տարի ևս Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ մայրաքաղաքի 2797 ընտանիք Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, պլանշետներ, արդուկներ և թեյնիկներ։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին տրվել է սոցիալական ծրագրի մեկնարկը:
Նվերներով բեռնված ու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով հոկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ անցկացվող սոցիալական այս ծրագրի շրջանակում երևանյան 2797 ընտանիքների համար ջերմ ու բարի քաղաքի սպասված ու սիրված տոնը կդառնա նաև հիշարժան:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մեկնարկում է սոցիալական ծրագրով: Քաղաքապետի այս նախաձեռնությունն իսկապես սպասված էր և այն ներառում է մայրաքաղաքի բնակչության սոցիալական բոլոր շերտերը:
Հարկ է նշել, որ այս տարվա ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել և ցուցակները կազմելիս մենք հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները: Ծրագիրն ընդգրկուն է և ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- ընդգծել է Ռուզաննա Զաքարյանը:
Ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք: