Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շտապ կքննարկեն ռմբակոծությունների կոորդինացման հարցը

Ռուս զինվորականները մոտ ապագայում կսկսեն խորհրդատվություններն իրենց ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի խուսափեն Սիրիայում «ոչ դիտավորյալ դեպքերից»: Այս մասին հայտարարվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի համատեղ մամլո ասուլիսում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ինքը հույս ունի, որ խորհրդատվությունները ռուսական կողմի հետ կսկսվեն արդեն այսօր:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ռուս զինծառայողները հասցրել են առաջին ավիահարվածները ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին՝ իրականացնելով մոտ 20 թռիչք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը թույլատրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսական զորամիավորումները օգտագործել Սիրիայի տարածքում:
Ամերիկյան կողմի տեղեկություններով՝ ռուսական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Հոմս քաղաքի շրջանում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության ներքո:

Սիրիական ՍԱՆԱ պետական գործակալության տեղեկություններով՝ ռուսական ավիացիան ռմբակոծել է ԴԱԻՇ-ի «որջերը» Ռաստանում, Թել-Բիսում, Զաֆրանիում, Թուլուլ Ալ-Խումրայում, Այդինում, Դեյր-Ֆուլում ու Սալամիում:

ՍԱՆԱ-ի տեղեկություններով՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչների հարվածների հետևանքով ԴԱԻՇ-ը մեծ կորուստներ է կրել:

Մինչ այդ, սիրիացի ընդդիմադիրները հայտնում են, որ ավիահարվածների հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս