«Նախագահի ելույթը կառուցված էր համամարդկային արժեքներին բավականին մոտ, պաշտպանության խնդրի մասին էր»

«Նախագահի ելույթում շատ կարևոր և ինձ հաճելի էր այն բանը, որ չկար Եվրասիական տնտեսական միության մասին խոսակցություն, որ նախագահի ելույթը կառուցված էր համամարդկային արժեքներին բավականին մոտ, պաշտպանության խնդրի մասին էր, և այլն: Այսինքն՝ հարցեր, որոնք ընկալելի են ՄԱԿ-ում: Կարելի է ասել, որ չեզոք, դրական ելույթ էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր արդյունքների մասին:

Ըստ նրա՝ Ս.Սարգսյանի ելույթը չպետք է անդրադառնար այս օրերին տիրող սահմանային լարված իրավիճակի հետ կապված ձեռնարկվելիք գործնական քայլերին: Նա նշեց, որ հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է կուլուարային ակտիվ աշխատել, և դա կարող է ազդել սահմանային իրավիճակի վրա:

Մեր հարցին, թե հայկական կողմի հակահարձակ գործողությունները կզսպե՞ն Ադրբեջանին, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե այդ գործողությունները որքան ինտենսիվ և ռազմատեխնիկական առումով որքան գրագետ կլինեն. «Այսինքն, ըստ նրա՝ մեր գործողություններով վախեցնելը կարծես արդյունքի չի բերում: Պետք է տեսնենք այդ գործողությունները, և որքանով համարժեք ու ավելի կլինեն ադրբեջանական գործողություններից, դրանով կորոշվի հետագա իրողությունը: Դրանք հարցեր են, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվում, փակ ինֆորմացիա է»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում երեկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին աճին, ասել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, Հայաստանին այլ ընտրություն չի մնում, և մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Ս.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը և մի քանի հարցադրումներով հստակ ցույց է տվել, որ սահմանային վերջին միջադեպերը բացառապես ադրբեջանական սադրանքի արդյունք են, և Ադրբեջանն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս