Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, ու քննարկման առարկան Ղարաբաղի ստատուս քվոն է. Ալեքսանդր Սոբյանին. tert.am

Ադրբեջանն այսօր չունի ռազմական գործողությունների ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն, չկան ռազմական ռևանշ հայտարարելու նախապայմաններ, թեև Ադրբեջանի բանակը մի քանի անգամ ուժեղ է Հայաստանի զինված ուժերից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը՝ նշելով, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի վերսկսման ճանապարհով, որովհետև դա չի ընդունի ոչ մի երկիր: Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա ռուս քաղաքագետն ասաց, որ դրա համար հավասարապես պատասխանատու են երկու կողմերն էլ, պարզապես Ադրբեջանը ավելի մեծ  վնասներ է հասցնում, որովհետև ունի ավելի մեծ ռեսուրսներ: «Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի բյուջեն, ուստի ադրբեջանական «մեղքերը» մի քանի անգամ մեծ են, քան Հայաստանինը: Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ կարող է խախտել հրադադարի ռեժիմը, ավելի շատ կրակել, ավելի շատ մարդ սպանել՝ դրանով վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը, քան Հայաստանը: Գումարը շատ է, ագրեսիայի դրսևորման եղանակները շատ, բայց դա չի նշանակում, որ խախտումները մի կողմից են կատարվում»,- նշեց Սոբյանինը:

– Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացի ընդունված քայլերից անհրաժեշտ են նաև լրացուցիչ այլ քայլել, որպեսզի գործընթացն առաջ շարժվի: Ինչպիսի՞ նոր քայլեր կարող են առաջարկվել:

– Խնդրի կարգավորման նոր տարբերակներ լինել չեն կարող: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումը, որը ժամանակ առ ժամանակ դրվում է կասկածի տակ, հատկապես Ադրբեջանի գործողությունների արդյունքում, երբեմն նաև Հայաստանի: Ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի, այնտեղ պատերազմ չի ընթանում: Կա խնդիր, որը կապված է Բաքվի ու Երևանի այս կամ այն քաղաքական ցանկության հետ:

– Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է երկու պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ առաջիկայում սպասվում է նաև Սարգսյան–Ալիև հանդիպումը, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, սահմանները պահում լարված:  Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նման տակտիկա որդեգրել:

– Գիտեք, Հայաստանում ինձ մեղադրում են ադրբեջանական լոբբիստ լինելու մեջ, իսկ ադրբեջանական միջոցառումներին մասնակցելու ժամանակ ասում են, որ ես կատարում եմ Հայաստանի պատվերները: Ամեն դեպքում, պետք է ասեմ, Ռուսաստանը գործընթացի և՛ մասնակիցն է, և՛ երաշխավորը, ինչը, իհարկե, հակասական կեցվածք է: Խնդիրն այն է, որ մինչև կողմերից յուրաքանչյուրը հոգեբանորեն չընդունի, որ քննարկման առարկան Ղարաբաղի ստատուս քվոն է, ոչ թե կոնֆլիկտը, որը տասը տարի առաջ արդեն գոյություն չուներ, հարցը չի լուծվի: Կա ԼՂ ստատուս քվոյի հարց: Շատերն ասում են, որ Ղարաբաղի հակամարտությունը սառեցվել է, բայց ոչ, նման բան չկա, հակամարտությունը չկա, որ սառեցվի:

Կրկնում եմ՝ Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, այն գոյություն չունի, պարզապես քաղաքական դեմքերը դա չեն ընդունում: Հիշո՞ւմ եք, թե Ադրբեջանում ինչպես դիմավորեցին ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց հետո վերադարձել էր Ադրբեջան: Նրան դիմավորեցին ինչպես հերոսի: Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ ինչպես կարող է սպան հպարտանալ նրա համար, որ կացնահարել է իր քնած գործընկերոջը: Մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է հասկանալ այն, որ միակողմանի ռազմական գործողություններ իրականացվեցին Հայաստանի կողմից անցած տարվա հունիս ամսին: Այդ ժամանակ հայ-ադրբեջանական սահմանը լարված էր ու Ադրբեջանի զինված ուժերը բերվել էին մարտական պատրաստվածության և կար պատերազմի իրական վտանգ: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը ներկայումս միակ ձևաչափն է քաղաքական փոխըմբռնման համար: Կարծում եմ, որ ռազմական համաձայնությունն այս հարցում անհնար է, հարկավոր է քաղաքական լուծում, որը հնարավոր է միայն Մինսկի խմբի շրջանակներում: Այլ ֆորմատ չի առաջանա: Կյանքը շարունակվում է և ձևացնել, որ Ղարաբաղը քսան տարի է հակամարտության մեջ է և որպես պետություն ձևավորված չէ, անիմաստ է:

 Իսկ Ռուսաստանն իրեն պատասխանատու չի՞ զգում ադրբեջանական տեխնիկայի որակի համար, երբ լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, զենք է վաճառում հակառակորդ պետությանը: Թե՞ Դուք համակարծիք եք, որ դա բիզնես է:

– Ոչ, ի՞նչ բիզնես: Զինամթերքի վաճառքը խիստ քաղաքական գործընթաց է: Այստեղ, պարզապես, կա նրբություն. ռուսական զենքից քիչ են կրակում: Այնտեղ որտեղ ամերիկյան զենք է, փորձը ցույց է տալիս, կրակում են մի քանի անգամ ավել: Եվ սա քաղաքական բնույթի որոշում է: Ռուսաստանը զենք է վաճառում ներկայիս իրադրության պահպանման համար, ոչ թե ռազմական ագրեսիայի մեծացման: Ամերիկյան զենքի արդյունքում տարածաշրջանային կայունությունը, բալանսը, խախտվում է: Այնպես եք ներկայացնում, կարծես Հայաստանը անմեղ է: Սոչիում Ալիև-Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ Հայաստանը վտանգի տակ դրեց տարածաշրջանային կայունությունը, բայց ինչ, գնացին նստեցին Պուտինի մոտ ու վերջ, պատերազմ չեղավ:

– Ուզում եք ասել, որ թեև Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, դրանից Հայաստանի անվտանգությունը չի՞ վտանգվում: Չկա՞ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն:

– Ռուսական քաղաքականությունը բալանսավորում է տարածաշրջանային կայունությունը: Ադրբեջանին զենք է վաճառվում, բայց Հայաստանում է գտնվում ռուսական խոշոր ռազմաբազան: Այս առումով ուզում եմ ձեզ հիշեցնել ռուսական կողմի հայտարարությունները, որ եթե անհրաժեշտ լինի ՌԴ-ն պատրաստ է իր պաշտպանության տակ վերցնել Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքների անվտանգությունը:

Ադրբեջանն այսօր չունի ռազմական գործողությունների ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն, չկան ռազմական ռևանշ հայտարարելու նախապայմաններ, թեև Ադրբեջանի բանակը մի քանի անգամ ուժեղ է Հայաստանի զինված ուժերից: Ադրբեջանը չի գնա պատերազմի վերսկսման, որովհետև դա չի ընդունի ոչ մի երկիր, դրա հետ չի համակերպվի ոչ մի պետություն՝ սկսած եվրասիական տարածքից, մինչև Եվրոպական միություն: Ռուսաստանի համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընտրություն անելու հարց չկա, մեր առաջ դրված չէ խնդիր՝ ով է լավը, ով է վատը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս