Ալիևի պարտությունն ու Լիսկայի հաղթանակը

ՀՀ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ Դատախազություն` Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: Քննչական կոմիտեն հիմնվել է տուժող կողմի նոր ցուցմունքների վրա: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Այս միջնորդության մասին ինձ զեկուցել են այսօր: Քրեական գործը վերահսկող դատախազը քննարկելու է այդ միջնորդությունը, որից հետո նա կկայացնի համապատասխան որոշում»,- ասել է նա: Այն, որ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվելու էր, և նա ազատ էր արձակվելու՝ հայտնի էր դարձել օրեր առաջ, երբ տեղեկություններ հրապարակվեցին, որ տուժող կողմը փոխել է ցուցմունքները:

Դրանից մեկ-երկու օր հետո պաշտոնապես հայտարարվեց, որ հայտնաբերվել է Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին: Ակնհայտ էր, որ դա տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի ազատ արձակման օպերացիայի շրջանակներում: Ինչպես որ, դեռևս Տիգրան Խաչատրյանի կալանավորման օրն էր ակնհայտ, որ կալանավորումն այդ ընդամենը ժամանակ ձգելու միջոց է, որ նա չի պատժվելու իր կատարած հերթական «քաջագործության» համար: Ինչպե՞ս, ի՞նչ ձևակերպումներով ազատ կարձակվի Տիգրան Խաչատրյանը, ո՞վ է ստիպել, համոզել կամ բարեխոսել տուժողի հետ՝ ցուցմունքները փոխելու համար. երկրորդական, երրորդական հարցեր են:

Իսկ առաջին ու նաև վերջին հարցն այն է, որ Սուրեն Խաչատրյանը հերթական հաղթանակն է արձանագրում՝ ընդդեմ պետության, ընդդեմ Հայաստանի հասարակության: Արձանագրում է այդ պետության պետական պաշտոնյաների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջոցով ու, բնականաբար, առաջին հերթին՝ բարձրագույն իշխանության թույլտվությամբ:

Երկրորդական է նաև հարցը, թե ի՞նչ գին է Խաչատրյանը վճարելու որդուն հերթական հանցագործությունից ազատելու համար՝ նյութակա՞ն, քաղաքակա՞ն, «ախպերակա՞ն»: Փաստն այն է, որ նրա ընտանիքը հերթական աղմկոտ հանցագործությունից «չոր է դուրս գալիս»:

Տիգրան Խաչատրյանի հերթական ազատ արձակումը հասարակության ու պետության «կալանավորման» հերթական ակտն է: Նույն այն պետության ու նույն այն հասարակության, որն այսօր շունչը պահած հետևում է հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցներին, որին հղում անելով ամենաբարձր ամբիոններից՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է Ադրբեջանին պատժելու մասին:

Ու այս պայմաններում որքան էլ վատ է հնչում՝ երկրորդական է դառնում նաև հարցը՝ կհաղթե՞նք Ադրբեջանին հնարավոր պատերազմի դեպքում, թե՞ ոչ, քանի որ այսպիսի որոշումներով պարտվում ենք ավելի կարևոր՝ «ներքին պատերազմում»: Փաստորեն, Հայաստանը կարող է հաղթել Ալիևին ու, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ցույց տալ, որ չի մարսելու իր լկտի պահվածքը, սակայն չի կարողանում հաղթել Լիսկային, որի մարսած լկտիությունների ու դրանց արդյունքում սպանված քաղաքացիների հաշիվը հասարակությունն արդեն կորցրել է:

Տեսանյութեր

Լրահոս