Բաքուն ու Երևանը նորից կանգնած են պատերազմի շեմին. «Նեզավիսիմայա գազետա»
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր անդրադարձ է կատարել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող լարվածության մեծացմանն ու ԼՂ հակամարտությանը:
Ինչպես գրում է թերթը, Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակել է Լեռնային Ղարաբաղին առնչվող իր հանդիպումներն արևմտյան դիվանագետների հետ:
Նշվում է, որ երկուշաբթի Նալբանդյանի հետ բանակցություններում սահմանային իրավիճակի վերաբերյալ անհանգստություն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ու Սերբիայի ԱԳ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը։
ԼՂ հակամարտության գոտում, նաև հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում հակամարտող կողմերը շարունակել են միմյանց հասցնել հրետանային հարվածներ, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Նյու Յորքում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այն անարդյունավետ էր եղել, քանզի միակ առաջարկը, որը կարող է իրագործվել այսօրվա պայմաններում, ադրբեջանական կողմը վերապահումներով էր ընդունել՝ փաստացի տորպեդահարելով գաղափարը:
Խոսքը Լեռնային Ղարաբաղում հակամարտ կողմերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտողին հայտնաբերելու ու հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին էր։
Հայկական կողմն ընդունել է միջնորդների առաջարկը՝ հիշեցնելով, որ նման բան վաղուց է առաջարկել։ Ադրբեջանական կողմը նույնպես համաձայնել է, սակայն ներկայացրել է մի շարք նախապայմաններ՝ հայկական զորամիավորումների դուրսբերում, փախստականների վերադարձ, տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնում, և այլն։ Այսինքն՝ պատասխան առաջարկը եղել է Լեռնային Ղարաբաղին Բաքվին փաստացի վերադարձնելը, ինչը չէր էլ կարող ընդունվել Հայաստանի կողմից։
Իսկ հետո սահմանին գործի դրվեց հրետանին: Ադրբեջանական կողմից ականանետերից ու թուրքական արտադրության TP-107 հրթիռահրետանային համակարգերից Տավուշում գնդակոծվել են հայկական զինված ուժերի դիրքերը, որոնք բավական հեռու են գտնվում Լեռնային Ղարաբաղից։ Զոհվել է 4 հայ զինծառայող, 10-ից ավելին ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դրանից մեկ օր առաջ նույն հրետանային գնդակոծության հետևանքով Տավուշի գյուղերից մեկում սպանվեց 3 կին, 4-ը ստացան վնասվածքներ:
«Մենք կստիպենք Ադրբեջանի կառավարությանը՝ պատասխան տալ»,- հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով հրավիրվել էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու:
Հայաստանի առաջնորդը տեղի ունեցող ռազմական գործողությունների պատասխանատվությունը դրեց Բաքվի վրա ու խոստացավ պատասխան ուժային մեթոդներ կիրառել, եթե «չհաջողվի Ադրբեջանին վերադարձնել խաղաղ կարգավորման պլանի իրագործմանը»:
Նախագահը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հնարավորություն չեն տալիս հայկական կողմին՝ հետևել կրակի չվերսկսման ռեժիմին և ընտրություն կատարել:
Նախագահին հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարությունը ՝ հանդես գալով հայտարարությամբ, որտեղ զգուշացրեց ադրբեջանական կողմին հատուցման անդառնալիության ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու իր իրավունքի մասին։
Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», անհանգիստ է եղել նաև երկուշաբթի գիշերը:
ԼՂ Պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հակառակորդն ավելի քան 900 կրակոց է արձակել՝ կիրառվել են ականանետեր, նռնականետեր, վերոնշյալ թուրքական արտադրության ТР-107 սարքավորումները։ Հայկական կողմը զոհ չի տվել, ու պատասխան գործողություններով ճնշվել է դիմացինի ակտիվությունը: Իր հերթին, ադրբեջանական կողմը տեղեկացրել է 2 զոհի մասին։
Մեկնաբանելով կոնֆլիկտի գոտում լարվածության հերթական ալիքը՝ ադրբեջանական իշխանամետ փորձագետները տեղի ունեցող լարվածության աճը որակում են Հայաստանի՝ բանակցային գործընթացում չզիջելու հետևանք, ու հիշեցնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, թե՝ «Ադրբեջանի համբերությունն անսահման չէ, ու, որ՝ մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»։
Հայ փորձագետները համոզված են, որ Բաքվի այդօրինակ քաղաքականությունը կհանգեցնի Երևանի ու Ստեփանակերտի պատասխանի դաժանացմանը։ Մասնավորապես, «Կովկաս» ինստիտուտի ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը լրագրողներին տեղեկացրել է, որ եթե նախկինում «ոչ մի թիզ հող» թեզն առաջ էր քաշվում Հայաստանի արմատական շրջանակների կողմից, ապա կոնֆլիկտի գոտու էսկալացիայից հետո այն սկսել է հնչել «պետության առաջին դեմքերի շուրթերից»։
Մինասյանի խոսքով՝ Հայաստանի նախագահի հայտարարություններն այն մասին, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, պետք չէ մեկնաբանել՝ որպես Հայաստանի կողմից ԼՂ-ի կարգավիճակի ընդունում, այլ որպես մեսիջ՝ ուղղված ադրբեջանական կողմին, օրինակ՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի ճանաչում: