Գաղջ Հայաստանի վերջը

Ցանկացած սահմանային միջադեպից հետո Հայաստանում օբյեկտիվորեն առաջացող առաջին հարցն է՝ արդյո՞ք կարող են այդ իրադարձությունները վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների, պատերազմի: Քաղաքական գործիչները, փորձագետները գնահատում են այդ հավանականությունը: Ոմանք համարում են, որ երբեք իրավիճակը՝ այսքան լարված, պատերազմի վերսկսման հավանականությունը՝ այսքան բարձր չի եղել, մյուսները գտնում են, որ սահմանային միջադեպերը կապված են այս կամ այն աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական գործընթացի հետ, և ինչ-որ ժամանակ հետո իրավիճակը կկայունանա:

Բոլորս, իհարկե, ցանկանում ենք, որ իրականություն դառնա երկրորդ տարբերակը, և օր առաջ սահմանային միջադեպերը դադարեն: Սակայն իրատեսականությունը ստիպում է առնվազն մտածել, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է դուրս գալ, ինչպես ռուս փորձագետներն են ասում, «վերահսկվող լարվածության» վերահսկողությունից, և այդ դեպքում առաջացող հաջորդ ու բոլորին հուզող հարցն այն է, թե պատերազմի դեպքում ո՞ր կողմը կհաղթի՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Նույն իրատեսականությունից չկտրվելով՝ չենք կասկածում, իհարկե, հայկական զինված ուժերի մարտունակությանը, վստահ ենք, որ պատերազմի դեպքում հաղթանակը կամրագրենք երկրորդ անգամ: Բայց հաղթանակը միայն ճակատամարտում հաղթելը չէ, հաղթելու համար միայն սպառազինությունն ու հայրենասիրությունը բավարար չեն:

Հաղթանակի, իրակա՛ն հաղթանակի համար նույնքան կարևոր է երկրում, հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, որը, ինչպես ամենադիպուկը բնորոշել է Սերժ Սարգսյանը, մեղմ ասած՝ գաղջ է: Գաղջ է, որովհետև օրենքի առաջ բոլորը հավասար չեն, գաղջ է, որովհետև իշխանությունն ու իշխանության հետ ամենահեռավոր առնչություններ ունեցողներն անգամ վեր են օրենքներից ու իշխանության հետ առնչություն չունեցողներից, որովհետև տնտեսությունը, հասարակական բարիքը բաշխված է մի քանի արտոնյալների միջև, գաղջ է, որովհետև պետական պարգևներ ու կոչումներ են ստանում նրանք, ովքեր կիլոմետրերով հեռու են պետությունից ու պետականությունից, արվեստից ու մշակույթից…

Այս ցանկը երկար կարելի է շարունակել: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանը՝ ունենալով պատերազմում հաղթելու բավարար ռազմական պոտենցիալ, չունի այդ հաթանակի համար անհրաժեշտ բարոյահոգեբանական պոտենցիալը, որը մսխվել է զինադադարին հաջորդած ավելի քան քսան տարիների ընթացքում:

Ու երբ խոսք է գնում հնարավոր պատերազմի մասին, մենք պետք է մտածենք ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ սպառազինության քանակի ու որակի, բանակի զինվածության մասին, որքան Հայաստանում առկա արժեքային համակարգի դեգրադացվածությունը, ներկայիս քաղաքական ու տնտեսական վերնախավը «զինաթափելու» մասին:

Արտաքին թշնամուց բացի ու գուցե դրանից առաջ՝ ներքին թշնամուն հաղթելու մասին, մի խոսքով: Որպեսզի, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում այն պատերազմ լինի բոլորի համար, և ոչ թե՝ բոլորի համար, բացառությամբ՝ «ընտրյալների»:

Տեսանյութեր

Լրահոս