
Դատավորն ինչ-որ համոզմունքներ ունի՝ պայմանավորված հին Քրդատով. Ռուբեն Մելիքյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին փաստաբանական կողմը վկայի հարցաքննության կարգի մասով քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է արձանագրել ու բարձրաձայնել է այդ մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր ընթանում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստը։ Շարունակվում է վկաների հարցաքննության փուլը։ Այժմ հարցաքննվում է մեղադրող կողմի վկան։
«Վկայի հարցաքննությունն այսօր էլ չի ավարտվել, հետևաբար գնահատական չեմ կարող տալ։ Բայց այսօր պարզվեց, որ մենք բոլորովին այլ քրեական դատավարության կարգ ունենք կոնկրետ տվյալ դատական նիստերի դահլիճում։ Խոսքը վկաների հարցաքննության կարգի մասին է, այն արմատապես հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։
Նիստի ժամանակ ես խստորեն առարկեցի այն մոտեցման դեմ, երբ մենք ուղղորդող հարց էինք տալիս` դատարանը դա որակում է որպես հուշում ու հարցս հանում։ Այնինչ, մեղադրող կողմը հայտարարեց, որ նա առաջին շրջան հարցերը կարող է բաց թողել, 2-րդ շրջանից սկսած կարող է ուղղորդող հարցեր տալ»,- նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով` նախագահող դատավորը ինչ–որ համոզմունքներ և մոտեցումներ ունի, որոնք գուցե նախկինում եղած իր դատախազական կարիերայով է պայմանավորված։
Փաստաբանը շեշտեց` պարտադիր է համարում այս մասին բարձրաձայնելը, քանի որ նիստի ընթացքում լրաջորեն իրավունքներ են խախտվում։