«Շատ եմ վախենում, որ այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանն իր համաձայնությունը տա՝ ինչ-որ երկրի խաղաղարար ուժեր ներս մտցնելու համար»
Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակի մասին 168.am-ը զրուցեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ. «Ես հասկանում եմ, որ ինչ էլ հիմա ասեմ՝ կլինի հայացք կողքից, որովհետև իրական իրավիճակին, համոզված եմ՝ շատ քչերն են տիրապետում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ադրբեջանի այս սանձարձակությունը գալիս է նրանից, որ փչանում են հարաբերություններն իր և եվրոպական կառույցների հետ, որը շատ դեպքերում որոշակի զսպող դեր էր կատարում՝ հրադադարի ռեժիմի պահպանման տեսակետից: Շատ եմ վախենում, որ այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանն իր համաձայնությունը տա՝ ինչ-որ երկրի խաղաղարար ուժեր ներս մտցնելու համար, այն դեպքում, երբ այս ցանկությունը կդիտվի ոչ թե՝ տվյալ երկրի կամք, այլ՝ անմիջականորեն՝ որպես մեր ցանկություն, զոհերին վերջ դնելու ակնկալիքով,- ասաց Ռ. Բաբայանը,- Գուցե ես սխալվում եմ, բայց տպավորությունն այդպիսին է, թեկուզ միայն այն ֆոնին, որ աստիճանաբար մերձենում են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, որն, ի դեպ, ես շատ բնական եմ համարում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում մեր ներքին դիրքորոշմանը, ապա պետք է ասեմ, որ վրեժխնդիր կեցվածք որդեգրելով՝ մենք հարցը չենք լուծի: Բոլոր այն սպառնալիքները, թե մենք ավելի ուժեղ հակահարված կհասցնենք, և այլն, սրանք, ի վերջո, հարցի լուծում չեն: Մենք կասենք՝ ավելի ուժեղ պատասխան կտանք, իրենք իրենց հերթին՝ նույնը կկրկնեն, ու կշարունակենք զոհեր տալ:
Կարծում եմ, դիվանագիտական ողջ ուժերը պետք է մոբիլիզացնել մոնիտորինգի իրականացմանը, որի արդյունքում պարզ կդառնա, թե ո՞վ է հանդիսանում հրադադարի ռեժիմի մշտապես խախտող կողմը, որովհետև ինչքան էլ մենք արդարացի լինենք, մեր հայտարարությունները միանշանակ, որպես ճշմարտություն չի ընդունվի՝ առանց համապատասխան մոնիտորինգի արդյունքների:
Պարզ է, մենք պատերազմող կողմ ենք, առավել ևս, որ նույնաբովանդակ հայտարարություններով հանդես է գալիս նաև հակառակորդ կողմը: Եվ, վերջապես, իհարկե, անհրաժեշտ է ամրացնել բանակը, իսկ դա անել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ամուր է տնտեսությունը: Ես սրանում համոզված եմ: Եթե մենք շարունակենք բացարձակապես անտեսել մեր տնտեսական խնդիրները և ժամանակ առ ժամանակ հպարտությամբ հայտարարենք, որ բանակն ու զինված ուժերը երկրի միակ կայացած կառույցն է, սա շատ քիչ բան է նշանակում:
Յուրաքանչյուր կառույց, և հատկապես՝ բանակը, անպայման պետք է ունենա ամուր թիկունք, իսկ ամուր թիկունքը տնտեսությունն է: Գուցե այս վիճակը ստիպի հայացք նետել տնտեսության մենաշնորհային պատկերին, հակատնտեսական զարգացումներին ու կոռուպցիային, որոնք աղետի եզրին են հասցրել երկիրը: Որոշակի քանակով մարդկանց հարուստ լինելու հանգամանքը դեռ չի նշանակում, որ երկիրը հարուստ է: Ես կարծում եմ՝ «ուռա՜» պատրիոտիզմից՝ կտանք, կջարդենք, և այլն», պետք է անցում կատարել ավելի գործնական քայլերի: Եկեք համաձայնենք՝ ուժեղ բանակն այն է, որը ոչ թե վրեժխնդիր է լինում, այլ պաշտպանում է իր երկրի սահմաններն ու քաղաքացիներին՝ պատժելով թշնամուն: Երբեք չհամարենք, որ, եթե թշնամին ռմբակոծում է մեր խաղաղ բնակավայրերը, ապա պատժիչ գործողությունները պետք է նույն կերպ լինեն: Դա վրեժխնդրություն է, որը, կարծում եմ, այնքան էլ հարիր չէ մեզ, եթե մենք իսկապես պետություն և բանակ ունենք, իսկ բանակն առաջին հերթին՝ պետք է պատերազմի միայն ու միայն թշնամու բանակի հետ: Որևէ բանակի պատիվ չի բերում սպանել խաղաղ բնակիչներին, անկախ նրանից, թե ո՞ր կողմից են այդ խաղաղ բնակիչները: Մենք այդ քայլին չենք դիմել ու չենք դիմի և, սրանով հանդերձ, արժանի ենք շատ ավելի բարձր պատվի»: