«Ինչ-որ մի օր ջնջեց ամեն ինչ՝ և՛ նախկինը, և՛ հետոն… իրան ասում էին՝ «արմյանսկի Ռեմբո»»
«Սիրահարվել էր… մենք բան չենք ասել… ասում էինք` պիտի ծառայես, ասում էր` ոչինչ, տղես կլինի երկու տարեկան, ես կգնամ՝ կծառայեմ, որ ինքը ինձ միշտ հիշի ու սպասի… ու մինչև հիմա էլ իրա էրեխեն իրան հիշում ա ու սպասում ա… ասել ենք, որ մահացել ա, ինքը հասկանում ա, բայց ուր գնում ենք, հարցնում ա՝ իսկ որտե՞ղ ա իմ հայրիկը… Չգիտեմ` ի՞նչ պատասխանեմ…»,- forrights.am-ի փոխանցմամբ՝ հուզմունքը զսպելով պատմում է 2015թ. փետրվարի 5-ին հակառակորդի կրակոցից զոհված Շեքսպիր Հակոբյանի մայրը:
Հակոբյանների ընտանիքը 20 տարի առաջ է Ջերմուկ քաղաքից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաք և չափահաս տարիքում Շեկոն, ինչպես նրան անվանում են կինն ու հարազատները, առաջին անգամն էր այցելում Հայաստան՝ զինվորական ծառայության:
«Ինքը չի ուզել ազատվի բանակից, ուզել ա ծառայի, ասել ա` ոնց որ ուրիշները, նենց էլ ես, Հայրենիքի համար կծառայեմ, ուրիշի համար չեմ ծառայի: Առաջին անգամն էր եկել Հայաստան ու այդ այցը իր մահով ավարտվեց, ինքը ստեղից ոչ մի լավ բան չի տեսել… եկավ առաջին անգամ էրեխես ու տենց… միակ տղես էր… մենք չէինք մտածում, որ ինքը պետք ա Ղարաբաղ ծառայեր… ինքը միշտ ասում էր` մամ ջան, ստեղ ավելի լավ ա` մի՛ մտածի», պատմում է մայրը՝ Գայանեն:
Շեկոն հասցրել է ծառայել մեկ տարի, մայրն ասում է, որ ծառայությունը նորմալ է անցել, ծառայության ընթացքում նույնիսկ վիրահատություն է տարել, բայց շարունակել է պահել սահմանը:
«Ինքը շատ ա սիրել իրա սահմանը, իրա ընկերներին, միշտ իրար հարգել են… իրան ասում էին՝ «արմյանսկի Ռեմբոն» ա, ինքը շատ ուժեղ էր, բարձրահասակ, զդառովի տղա էր`պարապած, սպորտսմեն…,- հուզմունքը զսպելով պատմում է մայրը,- Պատմեցին, որ մի օր առաջ շատ ուժեղ կռիվ ա եղել, հաջորդ օրը խախանդվել ա կռիվը, ինքը դուրս ա եկել, չի վախեցել, որ կարող ա կրակեն: Ու սկսել են կրակել ադրբեջանցիք, իրա հետ ծառայող մի տղա ասում ա` մեզ ասեց՝ պառկեք, իրան կրակեցին… ասում ա գնացի` ինձ էր կանչում, ես էլ գիտեմ հանաք ա անում, տեսա` ծիծաղը երեսին, աչքերը`փակ: Ընկերը մոտիկացել ա՝ Շեկո՛, Շեկո՛, ի՞նչ ես հանաք անում, ասում ա կասկեն ընկել էր գլխին, բարձրացրի, տեսնեմ` մահացել ա…»:
Մայրն ասում է, որ ծառայության դժվարությունների մասին որդին երբեք չի պատմել:
«Միշտ ասել ա` մամ ջան, ամեն ինչ լավ կլինի` իմ տղեն ինձ ա սպասում, իմ կինը ինձ ա սպասում, մի տարի ծառայել եմ, մի տարին էլ կպրծնի, արխային, գալու եմ… բայց` չստացվեց… ամուսինս էլ ասում էր`ումի՞ց ա առավել, բա ով պետքա ծառայի…ամուսինս էլ ա կռվել, մեդալ էլ ունի»
Շեկոյի և Քրիստինեի տղան հինգ տարեկան է, Շեկոն 19 տարեկանում է երեխա ունեցել.
«Բանակից պետք ա գար ու հարսանիք անեինք… ասում էր, մամ ամոթ չի` ինձ հարսանիք անենք`ես տղա ունեմ: Ասում էի, չէ՛, տղես, կծառայես, կգաս, հարսանիք կանես, քո տղեդ էլ կհիշի, որ դու գնացել ես ծառայել, հետո`ամուսնացել… դա իր որոշումն էր… վեց ամիս ա` մահացել ա…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի