Հավերժական պայքար՝ ընդդեմ կոռուպցիայի
Հայաստանի կառավարությունը երեկ հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը։ Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը` ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը։ Կարևո՞ր տեղեկատվություն է։ Ենթադրվում է, որ պետք է կարևոր լիներ, որովհետև կոռուպցիան եղել և մնում է Հայաստանի զարգացման կարևորագույն խոչընդոտներից մեկը։ Սակայն ստիպված ենք խոստովանել, որ սա հերթական հերթապահ փաստաթուղթն է, որն ընդունվում է մեկ նպատակով` ցույց տալու համար, որ այսպիսի ռազմավարություն ունենք։
Դեռևս 2003-ի վերջին կառավարության որոշմամբ հաստատվել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների 2003-2007թթ. ծրագիրը, որը սահմանում էր կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը։ 2004-ին Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը գլխավորում էր ՀՀ վարչապետը։ Հետո հաստատվեց նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, որով որպես հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ և ակնկալվող վերջնական արդյունք էր սահմանվել կոռուպցիայի ընդհանուր մակարդակի էական կրճատումը։
Ի՞նչ է փոխվել այս 12 տարիների ընթացքում` կոռուպցիայի մակարդակն էապես կրճատվե՞լ է։ Ցավոք` ոչ։ Իհարկե, որոշ մանր հարցերում որոշակի առաջընթաց կա։
Օրինակ` Ճանապարհային ոստիկաններն ու Մաքսայինի աշխատակիցներն առաջվա պես «ափաշկյարա» կաշառք չեն վերցնում։ Բայց… վերցնում են։
Իսկ ավելի լուրջ` բարձր մակարդակի կոռուպցիան չի նվազել։ Միգուցե տեղի է ունեցել դերերի վերաբաշխում, սակայն ատկատների, հովանավորչության ու մյուս դրսևորումները չեն թուլացել։
Ի դեպ, 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հեղինակներն անուղղակիորեն այդ մասին խոստովանել են և նշել նախկին ռազմավարության անարդյունավետության պատճառները.
«2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների լրիվ կամ մասնակի չկատարման պատճառները պայմանավորված են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրի թերի պլանավորմամբ` միջոցառումների, արդյունքի իրականացման պատասխանատու մարմնի ոչ ճիշտ որոշման, միջոցառումների ծրագրով սահմանված արդյունքի իրականացման ոչ հիմնավոր վերջնաժամկետներ սահմանելու պատճառով։
Միջոցառումներն անհրաժեշտ չափով համալիր և ամբողջական չէին։ Ծրագիրը մշակելիս կոռուպցիոն հիմնախնդիրները, կոռուպցիայի պատճառները, դրսևորման ձևերը թերի էին բացահայտվել»,- նշված է 2015-2018թթ. ռազմավարության մեջ։ Փաստաթղթի հեղինակները նշել են, որ նախորդ ռազմավարության խնդիրներից մեկը ներառված ոլորտների չափազանց լայն և ոչ թիրախավորված լինելն էր։ Բացի այդ` «Հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելիս հիմնախնդիր է կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումն ու դրանց հաղթահարման ուղիների փնտրտուքը, մինչդեռ ռիսկերը պետք է գնահատված լինեին նախքան միջոցառումների ծրագրի մշակումը, ինչը չէր արվել հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը մշակելիս»։
Սա դեռ ամենը չէ` բացթողումների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ փաստաթուղթը կառավարության կայքից ներբեռնելով։ Ներկաները, ժողովրդի լեզվով ասած, տեղը տեղին տակառներ են գլորել նախկին «անտիկոռուպցիոներների» ուղղությամբ։
Այս տողերը կարդալուց հետո կարելի էր ենթադրել, որ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը մի հուժկու փաստաթուղթ է` կոնկրետ ու իրատեսական ակնկալիքներով, որն անդառնալի հարված է հասցնելու կոռուպցիային։
Մենք չալարեցինք և աչքի անցկացրեցինք այն` գեղեցիկ բառերի ու դասագրքային ճշմարտությունների հրաշալի ծաղկաքաղ էր։ Միգուցե տեղյակ մարդիկ կասեն` ռազմավարությունը հենց այդպիսին էլ պետք է լինի։ Սակայն գոնե… Ավելի լավ է մի քանի մեջբերումներ անենք։
«Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից կարևորվում է օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը։ Այս առումով, առաջնային նախապայման է հանդիսանում հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց օրինավոր և բարեխիղճ վարքագիծն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը»,- նշված է փաստաթղթում։ «Օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողներ…»։ Այստեղ միանգամից աչքիդ առաջ է գալիս, ասենք, Սյունիքի մարզպետը, և ամեն ինչ ավարտվում է։
Կամ այս մեկը. «Կոռուպցիայի կանխարգելման համար կարևոր նախապայման է հանդիսանում թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորումը։ Այդ ճանապարհին կարևորվում է բաց տեղեկատվության լիարժեք հասանելիության ապահովումը»։ Այստեղ էլ միանգամից հիշում ես, որ վերջերս Կառավարությունը որոշեց Մարզահամերգային համալիրը վաճառել մեկ ամսվա պատմություն ունեցող մի ընկերության, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Կամ` ՀԷՑ-ն օտարել օֆշորային ընկերության։ Նման «թափանցիկության» մասին միայն երազել կարելի է։
Փաստաթղթում նշվում է նաև հանրային վստահության բարձրացման անհրաժեշտության մասին. «Առայժմ բավականաչափ ակտիվ չէ իրավապահ մարմինների և հանրության համագործակցությունը, ինչն առաջին հերթին պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների հանդեպ հանրային վստահության ցածր մակարդակով»։ Օրինակ` ինչպե՞ս կարող է հանրությունը վստահել «կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններին», եթե այդ մարմինների ղեկավարները գիտակցական ողջ կյանքում միայն պետական աշխատանքով են զբաղվել, սակայն դոլարային միլիոնատերեր են։
Կան նաև արտահայտություններ, որոնք պարզապես ծաղրի պես են հնչում։ Օրինակ` քաղաքական կամքը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական արժեքներից ու սկզբունքներից մեկը. «Քաղաքական կամք. պետական իշխանության բոլոր ճյուղերը` օրենսդիր, գործադիր և դատական, լիովին գիտակցում են կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունը և արդյունավետ համագործակցում են ռազմավարության իրականացումն ապահովելու համար»։ Այստեղ անկախ քեզնից ուզում ես արձագանքել նախագահի` թևավոր դարձած խոսքով` իյա, իրո՞ք։
Մի խոսքով, մնում է միայն սպասել մինչև 2019 թվականը և տեսնել, թե հաջորդ հակակոռուպցիոն ռազմավարության հեղինակներն ինչ բացթողումներ են գտնելու այս մեկի մեջ։ Միևնույն է` մեզանում ռազմավարությունն ավելի կարևոր է, քան բուն գործը։
Ի դեպ, սինգապուրյան հրաշքի հայրը` երջանկահիշատակ Լի Կուան Յուն, կոռուպցիայի դեմ պայքարի մասին ասում էր` սկսեք ձեր երեք ընկերներին բանտ ուղարկելուց. դուք էլ հստակ գիտեք, թե ինչի համար, իրենք էլ։ Մերոնք, թեպետ Լի Կուան Յուին շատ էին հարգում ու անգամ Հայաստան հրավիրեցին, սակայն այս խորհրդին դժվար թե հետևեն։