Ձախ Հարութը պատրաստ է հաշտության ձեռք սեղմել Արթուր Մեսչյանի հետ
«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» այսօրվա հյուրը երգիչ Հարութ Փամբուկչյանն էր՝ Ձախ Հարութը: Անդրադառնալով իր և Արթուր Մեսչյանի հարաբերություններին, նա պատրաստակամություն հայտնեց առիթի դեպքում «վազելով» գնալ և սեղմել Արթուր Մեսչյանի ձեռքը:
Նա ասել է, որ իրենց տարաձայնությունները սկսվել են այն պահից, երբ ինքն առանց Ա. Մեսչյանից թույլտվություն խնդրելու՝ երգել է նրա «Ուր էիր Աստված» երգը:
«Իր հետ ընդհարվելու ամբողջ պատճառը դա էր, որ ես առանց իրենից թույլատվություն հարցնելու երգել եմ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը թույլտվություն չի խնդրել, քանի որ այդ ժամանակ՝ խորհրդային տարիներին ինքը համարվում էր չընդունված անձ, և իր նամակները Հայաստան չէին հասնում, այդ իսկ պատճառով ինքը չի կարողացել կապ հաստատել Արթուր Մեսչյանի հետ:
«Ամեն դեպքում իմ հարգանքն իր հանդեպ, իր տարիների արված գործի հանդեպ մնում է բարձր: Ինչ ուզում է թող ասի, ես իր երգերի, իր արվեստի ամենամեծ պրոպագանդողն եմ: Ոչ մեկ չի ասում՝ Հարութ քո ռեքվիեմը ինչ լավն է, ասում են՝ Մեսչյանի ռեքվիեմն ինչ լավ է ստացվել»,-ասաց նա:
Հարցին էլ, թե պատրա՞ստ է հաշտության ձեռք մեկնել, նա պատասխանեց. «Մեծ սիրով, եթե ինքը այդ մեծահոգությունն ընդունեց՝ ես վազելով կգնամ, կսեղմեմ իր ձեռքը և վստահ եմ, որ այդ մերձեցումը իր արգասիքը կտա»: