Բաժիններ՝

Գործարարները խաբո՞ւմ են՝ ասելով, որ արտահանում տեղի չի ունենում

«ԵՏՄ-ում ստեղծվում է մի տիրույթ, որտեղ գոնե թափանցիկության որոշակի մակարդակ պետք է ապահովես, բնական է, որ մեր մրցակից չունեցող արտահանողները կամ ներմուծողները հակված չեն այդ թափանցիկությունն ապահովելու, ինչի պարագայում իրենք կներկայացնեն, որ իրենց ապրանքները մնացել են, իրացում գոյություն չունի, կամ մինչև ԵՏՄ-ն մեր արտահանման ծավալներն ավելի շատ էին, քան թե հիմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր մաքսային ճանապարհները լավ չեն աշխատում, ու մեր գործարարներն իրենց ապրանքները դուրս են հանում այլ ճանապարհներով՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ ազատ մրցակցության բացակայության պայմաններում՝ Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ «մատների վրա հաշված, սարսափելի փոքր թվով» տնտեսվարող սուբյեկտներ կարողանում են իրականացնել ամբողջ շրջանառությունը, որի մեջ մտնում է նաև արտահանումը. «Այս արտահանումը, ըստ էության, ցանկացած սուբյեկտի առջև դնում է պարտավորություններ: Այդ պարտավորությունները չկատարելու համար մարդիկ փորձում են իրենց գործունեության թափանցիկությունը հեռու պահել հասարակությունից, պետությունից, իհարկե, հնարավոր է, որ պետությունն էլ նպաստում է դրան»:

Վ. Բոստանջյանը նկատեց, որ ԵՏՄ մտնելով՝ սպառողները չփոխվեցին, ուղղակի արտահանողները և ներմուծողներն արդեն նոր տիրույթ մտան. «Այսինքն՝ ստվերի շրջանակներն ավելի ընդլայնվեցին»:

Նրա դիտարկմամբ՝ ԵՏՄ-ն դեռևս ձևավորման փուլում է գտնվում, եթե դա շարունակվի, արդեն ՀՀ-ն և դրսում գործող սուբյեկտներն այլընտրանք չունեն, պետք է մաքսիմալ թափանցիկ աշխատեն. «Իսկ դա նշանակում է՝ պարտավորությունների կատարում, իսկ ինչքան պարտավորությունները շատ ես կատարում, այնքան պետությունն ունենում է մեծ հնարավորություններ»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին, թե, փաստորեն, գործարարները խաբո՞ւմ են՝ ասելով, որ արտահանում տեղի չի ունենում, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Դե, եթե դուք ուզում եք՝ այդ բառն ասեմ, այո»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս