Փող, միայն փող, ոչինչ, փողից բացի
Սեպտեմբերը կես ընկավ, բայց դեռ շարունակում ենք տառապել ու խոսել շոգերից: Լավ էր՝ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանը: Սահմանադրության բարեփոխումների քննարկումներով սկսեց: Ու բուռն սկսեց: Պատգամավորական քննարկումների բառապաշարը, տղայական գզվռտոցները շեղեցին բոլորիս:
Հասարակությունն առավել զարմացած ըմբոշխնում է այն պահերը, երբ տղայական մակարդակի գզվռտոցներին իրենց նազանի մասնակցությունն են բերում կին պատգամավորները: Կարճ ասած, շոգերն ու խորհրդարանականները հասարակությանը շեղեցին սեպտեմբեր ամսին ամենամեծ մասսայականություն վայելող թեմայից` կրթության ոլորտում կատարվող գործընթացներից: Այս սեպտեմբերին մեր աշակերտներն ու ուսանողները մի տեսակ թաքուն սկսեցին նոր ուսումնական տարին: Հասարակությունից թաքուն:
Կրթության նախարարությունը չհրապարակեց առաջին դասարանցիների թիվը: Չիմացանք, թե քանի առաջին կուրսեցի բուհ գնաց: Հաջողեցի՞ն արդյոք մասնավոր բուհերը ուսանող «ձեռ գցել»: Չիմացանք նաև, թե որքան ուսանող գնաց հիմնադրամ դարձած պետական բուհական համակարգ: Ուսանողների քանակը բավարարե՞ց արդյոք նորօրյա հիմնադրամների սպասելիքը, թե՞ նրանք շարունակում են ուսանողներին զիջել ոչ հայրենական` Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական (և այլն) համալսարաններին:
Շոգ եղանակի ու խորհրդարանական-սահմանադրամերձ քննարկումների շոկի մեջ հասարակությունը չնկատեց, որ մեր կրթության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, ուր մասնակցել է «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթության համակարգի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը: Լավ է` մեր կրթության նախարարը նախընտրում է հասարակությունից չթաքցնել իր աշխատանքային այցերը, և իր գերատեսչության մամլո ծառայությունը մանրամասն պատմեց, թե ինչով էր զբաղված նախարարն աշխատանքային այցի ընթացքում: Այսպես, մենք իմացանք, որ մեր նախարարի կարծիքով` Հայաստանը տեսանելի է Եվրոպայի կրթական քարտեզի վրա: Պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրողներն այդքան միանշանակ պնդում հավանաբար չէին կատարի: Որովհետև պաշտոնական վերջին տվյալներով` Հայաստանի բուհական համակարգում Եվրոպայից ժամանած ուսանողների քանակը հնարավորություն չէր տա նման եզրակացության:
Մեր բուհերում Հունաստանից սովորում է 19 ուսանող, Ֆրանսիայից` 5, Գերմանիայից` 3 ուսանող: Իսկ Սերբիան, Լիտվան, Իտալիան, Ֆինլանդիան ու Էստոնիան մեկական ուսանող ունեն Հայաստանում: Բայց նախարարը, հավանաբար, նկատի ունի այն, որ, կարծեմ այս տարի, հենց Հայաստանում անցկացվեց Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը: Բոլոնիայի` նույնն է թե` Եվրոպայի պետությունների կրթության նախարարները պիտի նախապես քարտեզի վրա գտած լինեին մեր երկիրը, որ կարողանային գալ ու մասնակցել այդ ժողովին:
Հնարավոր է, որ «Բոլոնիայի շարժում» կոչվածին լիիրավ անդամակցելու ընթացքում է, որ մեր պետական բուհերն ու գիտական հիմնարկությունները ձեռք բերեցին հիմնադրամի իրավաբանական կարգավիճակ: Բայց Արմեն Աշոտյանն իր եվրոպական գործընկերներին մեր բուհական համակարգի ինքնավարության սահմանները նկարագրելիս` ասաց, որ «Բուհական ինքնավարությունը չի նշանակում` բուհական անկախություն»: Մի շտապեք կոնտեքստից կտրել նախարարի միտքն ու եզրակացնել, որ նա՝ որպես ոլորտի պետական բարձրագույն մենեջեր, մատնանշում է իր նախարարական իշխանական լծակներն ու լիազորությունները: Ամենևին ո՛չ:
Նախարարը կարծում է, որ վերջին տարիների բարեփոխումների հետևանքով` մեր բուհերը հնարավորինս անկախացել են պետական մարմիններից: Առաջին հերթին՝ հավանաբար` հենց իր ղեկավարած կառույցից: Պետական մարմիններից ձեռք բերած անկախությունից հետո, ըստ նախարարի, մեր բուհերը կախվածության մեջ են ընկնում կրթության ոլորտի շահառուներից: Եթե այս նույն միտքը շարադրենք ոչեվրագրանտային, այլ ավանդական հայերենով, կստացվի, որ մեր բուհական համակարգն ինքնուրույնանալով՝ կախվածության մեջ է ընկնում ուսանողներից, նրանց ծնողներից:
«Փողի քսակը, փողի քսակը»,- հարյուր տարի առաջ գրում էր մեծ պոետը: Այս իմաստով բուհական համակարգում ոչինչ չի փոխվել: «Բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է ֆինանսական կայունությունից»,- իրավացիորեն պնդում է մեր նախարարը: Եվ շարունակում. «Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պիտի անեն հնարավորը` ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին` կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»: Բայց, ցավոք, բուհերի ինքնավարությունը դարձել է ինքնապահպանության ինքնանպատակ գործողություն:
Եվ այս արատի պատճառն ամենևին էլ կրթական համակարգի եվրոպական պարտադրվող չափանիշերը չեն: Ֆինանսական կայունության ապահովման համար մեր կրթական համակարգը վերջին տարիներին գնաց հնարավոր ու անհնար բոլոր զիջումներին:
Նախ` իջեցվեց բուհական ընդունելության քննությունների ստորին շեմը: Հետո առանձին բուհերի իրավունք տրվեց ուսանողներ ընդունել` առանց ընդունելության քննությունների: Այսօր բուհում դասավանդող ցանկացած դասախոս կասի, որ ինքն ի վիճակի չէ ուսանող հեռացնել ցածր առաջադիմության պատճառով:
Ղեկավարությունը չի թույլատրի: Որովհետև կրթության շահառուի աստիճանից ուսանողը վերաճել է բուհի մեցենատի աստիճանի: Հենց նրա մուծած կրթավարձից է գոյանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ադմինիստրացիայի աշխատավարձը:
Հենց այս պրոցեսն է նախարարն անվանում «բուհի ֆինանսական կայունություն»: Բայց մի շտապեք եզրակացնել, որ այս արատի պատճառը Բոլոնյան շարժումն է` իր պարտադրած արևմտյան չափանիշերով: Հայաստանում գործող արևմտյան բուհերը տարեկան ուսանողների մոտ 10 տոկոսին հեռացնում են կամ թողնում են նույն կուրսում՝ ակադեմիական ցածր առաջադիմության պատճառով:
Իսկ Դուք վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ մեր բուհերից որևէ ուսանողի հեռացնեն: Հեռացնեն` որևէ առարկա չյուրացնելու պատճառով: Բոլոր դեպքերում լավ է, որ իր բաց գործունեությամբ նախարար Արմեն Աշոտյանը փորձում է հասարակական ուշադրության կենտրոնում պահել իր ոլորտի խնդիրները: