«Այսօր մեր երկրին պետք է ուղղաձիգ ուժեղ կառավարում». Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ ճիշտ չեն բոլոր այն ելույթները, որ կառավարման մի մոդելը ներկայացվում է մյուսից լավ: Ըստ նրա՝ լավն են այն մոդելները, որ ճիշտ են այդ ժամանակի համար:
Ա.Մանուկյանը հայտարարեց, որ բոլոր մոդելներն էլ լավն են, բոլոր երկրների փորձը ուսանելի է, բայց պետք է հաշվի առնվի մեր երկրի վիճակը, որ գնում ենք փոփոխությունների, թե ոչ: Ա.Մանուկյանի խոսքով՝ այսօր ՀՀ չի գտնվում այն վիճակում, որ փոփոխությունների գնանք և այսօր մեր երկրին պետք է ուղղաձիգ ուժեղ կառավարում, իսկ այս փոփոխությունների հետևանքով Հայաստանը հայտնվելու է մի աննորմալ վիճակում, որ երկրի ղեկավարը չի կարողանալու այլ երկրների ղեկավարների հետ հավասարը հավասարի պես նստել: Ա.Մանուկայնը պնդեց, որ այսօր անհրաժեշտություն չկա փոփոխությունների, սա բերելու է լուրջ ցնցումների, և արդեն եվրոպական ու ռուսական մամուլում անդրադարձներ կան, ռուսները նշում են, որ սա ՀՀ դիրքի թուլացման կբերի ԱՊՀ-ում:
«Հինը, որը դուք ոտնահարել եք, դրա փոփոխության անհրաժեշտությունը չեք ապացուցել: Հինը ասում է, որ ԱԺ կեսը պետք է գործարար լինի՞: Դա ապահովեք: 2012թ. ձեր ծրագրում ոչ մի բառ չի եղել սահմանադրական փոփոխությունների մասին: Ամբոջ համակարգը տակնուվրա եք անում,- ասաց Ա.Մանուկյանն ու հավելեց,- Ասում եք Սերժ Սարգսյանը տանը չի նստելու: Է, ով չի ուզում տանը նստի, պետք է երկիր ղեկավարի՞: Տարեք ձեր տուն»:
Ա.Մանուկայնը հիշեցրեց խորհրդային փորձը. «Ասում եք՝ նոր Սահմանադրությամբ նոր մարդ է կերտվելու: Տեսանք՝ հոմոսովետիկուս: Սովետը հոմոսովետիկուս էր ձևավորում: Դուք հոմոսերժիկո՞ւս եք ձևավորում»:
Ա.Մանուկյանը սահմանադրական փոփոխություններն անվանեց «քաղաքական քյալլագյոզություն»: Ըստ նրա՝ չի կարելի այս խառը վիճակում, արտաքին մարտահրավերների պայմաններում գնալ նման արկածախնդրության: Նա կոչ արեց Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշ ղեկավար փորձել բերել ու պատանդ չլինել: