«Բարեբախտաբար Հանրապետականը տարբերվում է ՀԱԿ-ից, որ 5 կուսակցություններով 6 կարծիք եք ունենում». Նաղդալյանը հեգնեց Զուրաբյանին

Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Սահմանադրության նախագիծը նոր չէ, որ քննարկվում է, մոտ 80 կազմակերպության 100 ներկայացուցիչներ մասնակցել են արդեն քննարկումներին: Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, որ շտապողականություն կա, Հ.Սահակյանը հայտարարեց, թե շտապողականության խնդիր չկա: Նա դրական գնահատեց Հանրային հեռուստատեսությամբ ԱԺ նիստի հեռարձակումը, որի շնորհիվ հանրությունը հետևում է և արձագանքներ կան:

Լ.Զուրաբյանի խոսքով, եթե հանրաքվեն դեկտեմբերի 6-ին նշանակվի, շտապողական գործընթաց է, որի նպատակն է մինչև տարվա վերջ ընդունել նախագիծը: «Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված այդ շտապողականությունը»,- ասաց Զուրաբյանը՝ ակնարկելով, որ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցն է լուծվում:

Հ.Սահակյանը հակադարձեց, թե Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով այն հետքն է թողել, որ եթե չպաշտոնավարի էլ, ապա այս երկրի կայացման ճանապարհին մեծ հետք է թողել: Նա նշեց, թե նախագծի շուրջ ՀՀԿ-ում կա միակարծություն:

«Բարեբախտաբար Հանրապետականը տարբերվում է ՀԱԿ-ից, որ 5 կուսակցություններով 6 կարծիք եք ունենում»,- հեգնեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Տեսանյութեր

Լրահոս